Դուք միայն մտել եք քաղաքացու գրպանը, ուրիշ ոչինչ չի փոխվել. ավագանու անդամ

Հանձնաժողովի նիստի ժամանակ կարմիր գծերի զեկուցող Դավիթ Հակոբյանն ասաց, որ այո, մեկ տարի առաջ, կարմիր գծերը թանկացնելով 160 հազար դրամ, ցանկություն ենք ունեցել բեռնաթափել կենտրոնը և Երևան քաղաքը. Հիմա 2,1 միլիարդի կարգի փող եք հավաքել, բայց ոչ մի օգուտ էլ չեք տվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը:


Անդրադառնալով նրան, որ դատարանը անվավեր է ճանաչել ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը, Ստեփանյանն ասաց. «Այո, դատարանը ձեր քիմքին ոչ հարիր որոշում է կայացրել, հիմա ուզում եք բողոքեք վերաքննիչ, բայց դուք այդպիսի լավ օրինակներ ունեք, եթե հասկանաք, որ վերաքննիչը որոշումը չի բեկանելու, թողնելու է նույնը, հավաքվեք, գնացեք դատարանի մուտքերը փակեք: Ձեր մոտ ստացվում է այդպիսի բաներ: Դուք «կարմիր գծերը» թանկացնելով 160 000 դրամ, միայն մտել եք քաղաքացու գրպանը, ուրիշ ոչ մի բան»,- հայտարարեց նա:


«Երևանը չի բեռնաթափվել, կենտրոնը չի բեռնաթափվել, մի բան էլ ավել, բակերում կանգնելու տեղ չկա, մարդիկ իրար հետ վիճում են կանգնելու համար ու ամեն անգամ մեզ հետ խոսակցության ժամանակ ձեզ հիշում են, հիշատակում են, մենք էլ հարկ չենք համարում այստեղ ներկայացնել ինչ է կատարվում Երևանի կենտրոնում: Ձախողել եք, ուղղակի ժողովրդից նորից «քերել» եք գռփում-չռփում եք, հավաքում եք փողը, ոչ մի բան էլ չեք մատուցում կարմիր գծերի վերաբերյալ»,-ասաց նա: