Ձերբակալվել է Մագդեբուրգի ահաբեկչության մեջ կասկածվողը. նոր մանրամասներ
Դատարանը կարգադրել է ձերբակալել մի տղամարդու, ով վրաերթի է ենթարկել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուներին, ասվում է Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգի ոստիկանության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
«Մագդեբուրգի դատախազությունը սպանության և բազմակի սպանության փորձի համար կալանքի օրդեր է խնդրել, որը տրվել է Մագդեբուրգի շրջանային դատարանի կողմից: Դատավորը նախնական կալանք է նշանակել սպանության հինգ, բազմակի սպանության փորձի և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար»,-ասվում է հրապարակման մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 9-ամյա տղա և չորս կին՝ 52, 45, 75 և 67 տարեկան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ահաբեկիչն իր ավտոմեքենայով Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառի տարածք է մտել արտակարգ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված ճանապարհով: