Ավստրիան սիրիացիներին 1000 եվրո կվճարի՝ Սիրիա վերադառնալու համար
Ավստրիայի իշխանությունները 1000–ական եվրո կվճարեն սիրիացի փախստականներին, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։
«Ավստրիան կաջակցի սիրիացիներին, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք որպես բոնուս տրամադրելով 1000 եվրո: Երկիրն այժմ կարիք ունի իր քաղաքացիների վերադարձին, որ վերականգնվի»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Նեհամերը հավելել է, որ Ավստրիայում սիրիացիներից ապաստանի դիմումների քննարկման գործընթացը մնում է սառեցված։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ 2011 թվականից ի վեր, երբ Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, երկրի բնակիչները փախել են 130 երկիր։ Նրանց մեծ մասը հաստատվել է Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և Եգիպտոսում, իսկ ավելի քան մեկ միլիոնը՝ եվրոպական երկրներում։
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո եվրոպական երկրների իշխանությունները սկսեցին զանգվածաբար կասեցնել սիրիացիներին ապաստան տրամադրելու դիմումների քննարկումը։ Բացի Ավստրիայից, դիմումների քննարկումը կասեցնելու մասին հայտարարել են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Շվեդիան և այլք։
Ավստրիայում սառեցվել է մոտ 7300 դիմում, իսկ ընդհանուր առմամբ երկրում կա մոտ 100 հազար սիրիացի։ Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարներն ավելի վաղ ասել էր, որ հանձնարարել է իր գերատեսչությանը նախապատրաստել «հայրենադարձության և Սիրիա արտաքսման» կարգավորված ծրագիր։