Ռուսաստանը կոշտ միջոցնե՞ր կկիրառի. «Հրապարակ»

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն օրերս սկանդալային հայտարարություն հրապարակեց: «Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազգային ինքնասպանության»։ Այսինքն, ԱՄՆ-ն փորձում է արագացնել Հայաստանի՝ արևմտամետ կուրսի որդեգրումը` Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված մեթոդների կիրառմամբ․ «Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին կայուն հակառուսական ուղղվածություն հաղորդելու խնդիր է դրված։ Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ նախաձեռնել, որի նպատակներից են լինելու նաեւ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ Երեւանի համագործակցության հեռանկարների վարկաբեկումն ու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների վրա կիրառվող ճնշումների մասին տեղեկությունների տարածումը»։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:


«Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ այս հայտարարությունը Հայաստան է այցելել ՌԴ ԱՀԾ պաշտոնյաների պատվիրակություն և ներկայացրել իրենց տնօրինած ինֆորմացիան, թե որոշ կազմակերպություններ և իշխանության ներկայացուցիչներ ինչ գումարներ են ստանում Արևմուտքից` հակառուսական պրոպագանդայի համար։ Ակնարկել են, որ Հայաստանում էլ, Վրաստանի օրինակով, ընդունեն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը՝ արտերկրից ստացվող գումարների հոսքը կանխելու համար։ Եթե ոչ՝ չի բացառվում, որ ՌԴ-ն կոշտ միջոցներով կվերականգնի Կովկասում իր ազդեցությունը: Թե ինչպես, չմանրամասնեցին»,– գրում  է օրաթերթը։