Ձերբակալել են ՔՊ-ական ավագանու անդամի և ՔՊ-ական պատգամավորի հարազատի

Թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով՝ ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, և նրա ընկերը` Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանը, այս մասին է տեղեկացել Oragir.News-ը:

Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, Գյումրի ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաև Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։


Կարեն Սարուխանյանի քեռի՝ Մանվել Խոջումյանին էլ, որը զբաղեցրել է Բյուրակնի միջնակարգ դպրոցի փոխտնօրենի պաշտոնը, մեղադրանք էր առաջադրվել տնայնագործական եղանակով պատրաստված զգալի չափով՝ 6,64 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործողություններին միջամտելու համար:

Բյուրակնի դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին տնօրեն Լուսինե Մելիքյանն աշխատանքից ազատել էր 2018թ-ի մարտի 20-ին՝ մեղադրելով թմրամոլության մեջ:

Ձերբակալված մյուս ՔՊ-ականի մասին էլ հայտնի է, որ երեք ամիս առաջ է դարձել ավագանու անդամ, աշխատում է Ազգային ժողովում։

Հայտնել էին, որ վաղաժամ և միանգամից դադարել են Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամների լիազորությունները:



Auroranews-ը մանրամասներ պարզելու համար զրուցել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ, որը տեղեկացրեց.

«Երկու անձ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել քննչական կոմիտե»: