Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու. Արմեն Գրիգորյան
Ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ։ Ապաշրջափակման սկզբունքները ՀՀ-ի համար հայտնի են, դրանք՝ փոխադարձության և հավասարության սկզբունքներն են: Այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor.am-ին տված հարցազրույցի ընթացքում:
«Ապաշրջափակում կարող է տեղի ունենալ միայն, եթե ենթակառուցվածքները գտնվում են տվյալ պետության վերահսկողության տակ․ Հայաստանի դեպքում դա Հայաստանի իրավազորության շրջանակներում ապաշրջափակում իրագործելն է։ Սրանք են այն շրջանակը, որ հնարավոր է՝ ապաշրջափակում տեղի ունենա։ Մնացյալ այլ դեպքերում, բնականաբար, ապաշրջափակում տեղի չի ունենա»,- ընդգծել է նա:
Ադրբեջանն այդպես էլ չի՞ համաձայնվում միջազգային պահնորդական կազմակերպության ներգրավմանն ապաշրջափակման հարցում՝ փոխադարձության սկզբունքով, որպեսզի նրանք ներկա գտնվեն ոչ միայն ՀՀ-ով տեղաշարժվելիս, այլև՝ Նախիջևանի տարածքում, հարցին պատասխան Գրիգորյանը նշեց.
«Ապաշրջափակումն այն մասին է, որ և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի տարածքներում պետք է անվտանգության երաշխիքներ լինեն։ Հայաստանը պատրաստ է ներգրավել այլ ինստիտուտներ՝ միայն փոխադարձության սկզբունքով։ Այսինքն, փոխադարձությունը և հավասարությունը ևս կարևոր սկզբունքներ են։ Այս հարցում դեռևս չենք կարողացել համաձայնության հասնել»:
Ադրբեջանի ներքին աուրան այն մասի՞ն է, որ նրանք չունեն որևէ մոտիվացիա խաղաղության պայմանագիր կնքելու, հարցին պատասխանելով՝ ԱԽ քարտուղարն ասաց.
«Մենք ունենք խաղաղության պայմանագիր կնքելու մոտիվացիա և փորձում ենք առաջ մղել, որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագիրը, և մենք տեսնում ենք բազմաթիվ գործընկերներ, որոնք ուզում են տեսնել այս խաղաղության պայմանագիրը վերջնականացվի»:
«Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Սցենարները կարող են տարբեր լինել, կարող է այս պահին մենք բոլոր սցենարներին պատրաստ չենք, բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ մենք ունենանք բավարար կարողություն բոլոր վտանգները չեզոքացնելու համար։ Եվ սա շարունակական աշխատանք է։ ՀՀ-ն շարունակում է իր կարողությունները զարգացնել, որպեսզի պատրաստ լինի հնարավորինս շատ սցենարների՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու»,- ընդգծել է Գրիգորյանը: