Ավելի քան 100 հրթիռ՝ Իսրայելի ուղղությամբ․ Լիբանանի պատասխանը

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն այսօր առավոտյան երեք գործողություն է իրականացրել Իսրայելի տարածքում գտնվող թիրախների դեմ՝ ի պատասխան Լիբանանում անցած շաբաթ քաղաքացիական անձանց զանգվածային սպանությունների։ Այս մասին հայտնում է Al Mayadeen-ը:


Առաջին գործողության ընթացքում, ըստ հայտարարության, շարժումը տասնյակ «Ֆադի-1» և «Ֆադի-2» հրթիռներ է արձակել իսրայելական ռազմաբազայի և Ռամաթ Դավիդ օդանավակայանի ուղղությամբ։Նույն թիրախների դեմ իրականացվել է նաև երկրորդ գործողությունը՝ նույն տեսակի տասնյակ հրթիռներով։


Շարժման երրորդ գործողության ժամանակ հարված է հասցվել «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրին, որը մասնագիտացած է էլեկտրոնային սարքավորումների մեջ և գտնվում է Զվուլուն հովտում՝ Հայֆա քաղաքից հյուսիս, և որի վրա «Ֆադի» և «Կատյուշա» տեսկի տասնյակ հրթիռներ են արձակվել։


Առավոտյան Լիբանանից ավելի քան 100 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիս, հաղորդում է երկրի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ):


Times of Israel-ը, վկայակոչելով զինվորականներին, գրում է, որ հարձակումն իրականացրել է լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը։


Զինվորականների տվյալներով՝ հրթիռների մեծ մասը հաջողվել է որսալ, սակայն Իզրեելի հովտում բեկորների անկման հետեւանքով փոքր վնասվածքներ կան, վիրավորվել է մի տղամարդ: The Jerusalem Post-ն ավելի ուշ հաղորդել է «Հըզբոլլահի» կողմից չորրորդ հրթիռային հարձակման մասին, որի ժամանակ Հայֆայի Կիրյաթ-բալիկ արվարձանում վնասվել է երկու տուն, տուժել է երեք մարդ: Շտապօգնության ծառայության տվյալներով՝ նրանք բեկորային վնասվածքներ են ստացել, մարդկանց տեղափոխել են հիվանդանոցներ: Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել։


«Հեզբոլլահը» պնդում է, որ հարձակման թիրախը Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ-Դավիդ ավիաբազան է եղել: Խմբավորումը նաև իր վրա է վերցրել Հայֆայի մերձակայքում գտնվող Կրայոտ շրջանի հրթիռակոծության պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ մտադիր է եղել խոցել Rafael պաշտպանական ընկերությանը պատկանող օբյեկտը:


«Հեզբոլլահը» հրթիռակոծությունն անվանել է անցյալ շաբաթ Լիբանանում փեյջերների պայթյունների պատասխան, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են: Հարձակման պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա, լիբանանյան շարժման առաջնորդ Հասան Նասրուլլան հայտարարել է, որ երկիրն «անցել է բոլոր կարմիր գծերը»:


Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել պայթյուններին իր մասնակցությունը, սակայն դրանից կարճ ժամանակ անց Իսրայելի կառավարության ռազմաքաղաքական կաբինետը լիազորել է վարչապետ Բենյամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին որոշումներ կայացնել «Հեզբոլլահի» դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ: Սեպտեմբերի 20-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Բեյրութին, որի ընթացքում սպանվել է «Հեզբոլլահի» հրամանատարության բարձրաստիճան անդամ Իբրահիմ Աքիլը: Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ զոհվել է ավելի քան 30 մարդ: