Ինչ տեղեկություններ կան 2020թ․ գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի մասին
Ադրբեջանցի զինվորականների կողմից 2020թ․ գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի հարցը մշտապես արծարվում է Լիբանանի խորհրդարանում և ամենուր։ Այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Փոլա Յակուբյանը։
Նրա խոսքով՝ Վիգենի մասին ինքը նոր տեղեկություններ չունի, բայց նրա ընտանիքը մշտական կապի մեջ է Լիբանանի իշխանությունների հետ։
«Խնդիրն այն է, որ ադրբեջանցիները Վիգենին բռնել են որպես լիբանանցի և ներկայացնում են որպես վարձկան։ Մինչդեռ նա ազգությամբ հայ է, ապրում էր այնտեղ և իր տունն էր պաշտպանում»,- նշում է Յակուբյանը։
Նրա խոսքով՝ Լիբանանի իշխանությունները մշտական կապի մեջ են Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարների հետ՝ Վիգենին ազատ արձակելու հարցով։ Կարծում է, որ այս հարցում հայկական սփյուռքն էլ մեծ դերակատարում ունի, պետք է անընդհատ խոսել Վիգենի մասին, լոբբինգ անել՝ օգնելով ազատ արձակմանը։
Հիշեցնենք՝ Վիգեն Էուլջեքչյանին Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև` Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։ Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ արձակվեց։