Մատենադարանից պարզաբանում են աղմկահարույց ֆոտոշութը
Երեկվանից սոցցանցերում տարածվում է մի տեսանյութ, որտեղ Մատենադարանի շենքի մոտ մի աղջիկ ֆոտոնկարահանում է իրականացնում՝ գրեթե կիսամերկ վիճակով։
Այս ամենն, իհարկե, առանց թեժ քննարկումների չմնաց։ Համացանցում տարածվող մեկնաբանությունները ուղղված են նրան, որ հերթական անգամ այս կերպով պղծվում է հայերի համար մեծ նշանակություն ունեցող կառույցներից մեկը, որը հասարակ կառույց չէ։
Դժգոհող օգտատերերին զարմացնում է նաև այն փաստը, որ չկա սահմանված որևէ վերահսկողություն։
ArmLur.am-ը կապ է հաստատել ԿԳՄՍ նախարարության հետ՝ պարզելու՝ թույլատրվո՞ւմ է արդյոք Մատենադարանի տարածքում կիսամերկ նկարահանումներ իրականացնել, ինչին ի պատասխան ասացին, որ այդ հարցին Մատենադարանը պետք է պատասխանի։
Լրատվամիջոցը կապ է հաստատել նաև Մատենադարանի մամուլի խոսնակ Էմմա Հոռոփյանի հետ, ով պատասխանել է, որ բնականաբար Մատենադարանը նման ֆորմատ և, առհասարակ, իր տարածքում ֆոտոնկարահանումներ թույլ չի տալիս։
«Թեպետ պետք է նշեմ, որ հարսանեկան զույգերին Մատենադարանի հարակից տարածքում լուսանկարվելը չենք մերժում՝ համարելով, որ ամուր ու գեղեցիկ ընտանիքի առաջին հանգրվանը լինելը խորհրդնշական է։ Պետք է նաև նշեմ, որ մենք կարողացել ենք գտնել լուսանկարչին, որը փաստել է, որ նկարահանումն արվել է 3 տարի առաջ, պարզապես նոր է հրապարակել: Մատենադարանի ներկայիս ղեկավարությունը ավելի է խստացրել թե՛ տարածքի տեսահսկումը, թե՛ ներքին վերահսկողությունը»,- ասաց Մատենադարանի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ֆեյսբուքյան օգտատերն ահազանգել էր Մատենադարանի տարածքում նկարահանումների մասին եւ տեսանյութ հրապարակել։