«Մայր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է 100 դրամ՝ մեկ ուղևորափոխադրման համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում՝ գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։
Օրաթերթը տեղեկացրել էր, որ 2025 թ.-ից ՔՊ-ն «Տրանսպորտային բարեփոխում» փաթեթավորմամբ պատրաստվում է բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը: Չնայած, որ հանրային մեծ աղմուկից հետո նախագիծը փոփոխությունների ենթարկվեց ու մի քանի անգամ հետաձգվեց, բայց հունվարի 1-ից տրանսպորտի նոր սակագներն արդեն ուժի մեջ են մտնելու, և քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտով երթևեկելու համար ավելի թանկ վճարել:
«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ին կայանալիք նիստի օրակարգ է բերել մի նոր նախագիծ, որով առաջարկվում է տրանսպորտի ուղեվարձի հետևյալ սակագները.
1 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 400 դրամով,
7 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 7 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 2.000 դրամով,
30 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 30 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 5.500 դրամով,
180 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 1 տարվա ընթացքում 180 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 20.000 դրամով,
365 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 365 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 35.000 դրամով»: