«Չաղ Ռուստամը» պնդում է՝ «Ֆազ»-ի սպшնության հետ առնչություն չունի, նախկինում առկա տարաձայնություններն էլ հարթված են եղել
Քրեական հեղինակություն «ՖԱԶ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպшնության գործով կալանավորված Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը», պնդում է՝ առնչություն չունի դեպքի հետ, իսկ միջանձնային խնդիրներն այլևս հարթված են եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեղամ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել են բնակելի շենքի մոտ։ Հունիսի 11-ին՝ ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 1988թ.ծնված և «գլխի մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշմամբ 1980թ.ծնված երկու տղամարդ։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 23.13-ին Շինարարների 25 շենքի դիմացի հատվածում անհայտ անձը հրազենից կրակել է հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց ուղղությամբ, որտեղ 1980թ.ծնված Սերգեյ Գ-ն գիտակցության չգալով մահացել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
ՔԿ-ն հաղորդել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ: «LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:
Դեպքից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ սպшնության թելերը տանում են դեպի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյան, որն, ըստ շրջանառվող լուրերի, նաև կապ ունի գործող իշխանության որոշ ներկայացուցիչների հետ։ Ավելին, «Ֆազ»-ի և «Չաղ Ռուստամի» միջանձնային խնդիրների մասին հայտնի էր վաղուց։ Այժմ, Սերգեյ Գրիգորյանի սպшնությունից շուրջ մեկ ամիս անց ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Ա․Կյուրեղյանը՝ սպшնության կազմակերպման մեղադրանքով, իսկ ահա կատարողները դեպքից հետո հատել են ՀՀ սահմանը և մեկնել ՌԴ։
Ռուստամ Ստեփանյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Ստեփանյանը մեղադրանքի առնչությամբ հակիրճ դիրքորոշում է հայտնել, որ իրեն մեղավոր չի ճանաչում իրեն, ավելին, նշել է, թե որևէ հարաբերություն չի ունեցել Գրիգորյանի հետ։ Ինչ վերաբերում է հայտնի տարաձայնություններին, նախկինում իրենց միջև տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ քրեական գործերին, ապա փաստաբանը հայտնեց, որ ըստ Ստեփանյանի՝ այլևս հարթվել էր և որևէ խնդիր չկար։ Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե սպшնության առիթը եղել է կնոջ պատճառով առաջացած վիճաբանությունը, ապա փաստաբանը նշեց, որ իր տեղեկություններով՝ դա չի համապատասխանում իրականությանը։