ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկարգություններ` Վենեսուելայում. կան տուժածներ և ձերբակալվածներ
Հուլիսի 30-ին նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, որոնցում հաղթանակ է տարել պետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոն, Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում սկսվել են անկարգություններ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով տուժել է 23 զինվորական, ոմանք հրազենային վնասվածքներ են ստացել, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Լոպեսը:
Ձերբակալվել է 749 մարդ․ նրանց թվում կան ատելության խոսքի և նույնիսկ ահաբեկչության մեջ մեղադրվողներ, հայտնել է երկրի գլխավոր դատախազը:
Մադուրոյի խոսքով՝ պետական հեղաշրջման փորձը, որն ապրում է երկիրը, նախապես ծրագրված էր, և ընտրություններից հետո Վենեսուելան համակած անկարգությունները ֆինանսավորվել են «կոլումբիական նարկոթրաֆիկի, Իլոն Մասկի և ԱՄՆ կառավարության հաշվին»:
«Մենք բռնել ենք հանցագործներին․ նրանք մեղավոր են և խոստովանում են, բայց մենք կգնանք բոլորի հետևից, և ինձ պետք է ժողովրդի օգնությունն ու աջակցությունը, որպեսզի հասնեմ դրան», - ասել Է Մադուրոն:
Նա նաև կոչ է արել կողմնակիցներին շաբաթ օրը ներկա գտնվել «երթերի երթին»՝ մայրաքաղաք Կարակասում խաղաղության պաշտպանության մեծ ցույց-համերգին:
Վենեսուելան հետ է կանչել իր դիվանագետներին Արգենտինայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Կոստա Ռիկայից, Պանամայից, Պերուից, Ուրուգվայից և Չիլիից այն բանից հետո, երբ դրանք հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները և պահանջել այդ երկրներից՝ «անհապաղ դուրս բերել» իրենց դիվանագետներին Վենեսուելայից: Կարակասն այդ պետություններին մեղադրել է ընտրություններին միջամտելու մեջ։ Պանաման հայտարարել է Վենեսուելայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու և երկրից դիվանագետներին հետ կանչելու մասին։
Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 28-ին։ Հաջորդ իսկ օրը Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին հռչակել է 2025-2031 թվականների ընտրված նախագահ․ նա, ընտրական խորհրդի տվյալներով, հավաքել է ձայների 51 %-ը: Երկուշաբթի Վենեսուելայում սկսվել են բողոքի ցույցեր, Կարակասում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք սկսել են իրավապահների վրա քարեր և հրկիզվող խառնուրդով շշեր նետել:
Երկրի պաշտպանության նախարարը հայտնել է 48 տուժածի մասին, 1 զինվորական մահացել է: