Հասարակություն

Ֆրանսիայում անտառային հրդեհների գործերով 420 ձերբակալված կա, 166-ը՝ անչափահաս

Ֆրանսիայում անտառային հրդեհների գործերով 420 ձերբակալված կա, 166-ը՝ անչափահաս
Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ վնասը պատճառած անտառային հրդեհների առնչությամբ ձերբակալվել է 420 մարդ, որոնցից 166-ը անչափահաս են։Ձերբակալվածները կասկածվում են…

Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ վնասը պատճառած անտառային հրդեհների առնչությամբ ձերբակալվել է 420 մարդ, որոնցից 166-ը անչափահաս են։


Ձերբակալվածները կասկածվում են հրդեհներ դիտավորյալ կամ պատահականորեն առաջացնելու մեջ։ Ֆրանսիական իշխանությունների համաձայն՝ երկրում անտառային հրդեհների մոտ 90%-ը տեղի է ունենում մարդկային գործոնի պատճառով։ Միևնույն ժամանակ, մասնագետները փաստում են, որ դիտավորյալ հրկիզումները կազմում են նման դեպքերի միայն փոքր մասը. հրդեհների գերակշիռ մասն առաջանում է անզգուշության, շինարարական աշխատանքների, անսարք էլեկտրասարքավորումների, չմարված ծխախոտների կամ խարույկների պատճառով։


Ընթացիկ հրդեհների ծավալները մեծանում են տևական երաշտի և կլիմայական փոփոխություններով պայմանավորված բարձր ջերմաստիճանների հետևանքով։ Ամռան սկզբից ի վեր Ֆրանսիայում կրակը նվաճել ու ոչնչացրել է ավելի քան 300 հազար ակր տարածք։

Իշխանությունները խստացրել են հրդեհների առաջացման մեջ կասկածվող անձանց հետապնդումը։ Ամենալուրջ դեպքերից մեկով 23-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել երկրի հարավ-արևելքում հինգ օրում հրդեհի 10 օջախ դիտավորյալ հրկիզելու համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում և մինչև 150 հազար եվրո տուգանք։

Այդուհանդերձ, իշխանությունների կոշտ արձագանքը նաև քննադատվում է։ Իրավապաշտպաններն ու իրավաբանները գտնում են, որ որոշ դեպքերում պատիժը կարող է չափազանց խիստ լինել։ Մասնավորապես, ազատազրկման են դատապարտվել անձինք, ում մեղադրել են չմարված ծխախոտի մնացորդներ նետելու համար։


Ֆրանսիացի մասնագետները շեշտում են, որ առկա երաշտի պայմաններում հրդեհի առաջացման և արագ տարածման համար բավարար է նույնիսկ չնչին կայծը։ Փորձագետների նշմամբ՝ բարձր ջերմաստիճանի, ցածր խոնավության և քամու համադրությունը էապես մեծացնում է անգամ պատահական հրդեհների վտանգը։


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի տուժած տարածքները և անտառները հարմարեցնի նոր կլիմայական պայմաններին։ Ըստ նրա՝ իշխանությունների գործողությունների վերլուծությունը և հրդեհների ընթացիկ սեզոնից դասեր քաղելը պետք է տեղի ունենան ավելի ուշ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250