Ինչո՞ւ են աղբատարները քիչ դուրս գալիս երթուղի․ Կատվալյանը մանրամասնում է
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերությունում վարորդների թափուր հաստիքներ կան, այդ պատճառով էլ աղբատար մեքենաները քիչ են երթուղի դուրս գալիս։ Այս մասինԵրևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը։
Նոր ձեռք բերված տեխնիկան արդեն աշխատանքի է անցել, այդ պատճառով էլ վարորդների պակաս է առաջացել։
«Թափուր հաստիքներ կան և՛ գիշերային, և՛ ցերեկային հերթափոխերում աշխատանքի անցնելու համար։ Զուտ այդ պատճառով է, որ աղբատար մեքենաները նախատեսվածից քիչ են երթուղի դուրս գալիս։ Մաքուր աշխատավարձը 280 000 դրամ է»,– նշեց Կատվալյանը։
Նա ընդգծեց նաև, որ նախորդ շաբաթվա ընթացքում ցերեկային հերթափոխով երթուղի է դուրս եկել 40, իսկ գիշերը` 37 տեխնիկա։ Փողոցների մաքրությունն էլ իրականացվել է 17 ջրցան, 6 փոշեկուլ մեքենաներով։
Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6–օրյա գրաֆիկով, 2 հերթափոխով իրականացրել են գրանցված 328 սանմաքրման աշխատակցից 289–ը։ Մնացածը ժամանակավոր անաշխատունակության մեջ են և արձակուրդում։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը 8 նոր աղբատար մեքենա է գնել։