Փարիզ-2024. Հայաստանի օլիմպիական հավաքականի ծանրորդները. հավաքականի կազմում 15 մարզիկ է ընդգրկված
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից մեկնարկում են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականի կազմում 15 մարզիկ է ընդգրկված, այդ թվում՝ 3 ծանրորդ: Անդրանիկ Կարապետյան, Գարիկ Կարապետյան, Վարազդատ Լալայան
Անդրանիկ Կարապետյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում: Հանդես է գալիս 89 կգ քաշային կարգում: Կարապետյանը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:
Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր: Մինչև Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերն Անդրանիկ Կարապետյանը հանդես է եկել 77 կգ քաշային կարգում: 2015 թվականին նա դարձել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 2016 թվականին հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում Կարապետյանը մրցահարթակում ծանր վնասվածք է ստացել՝ կոտրելով արմունկը: Վիրահատությունից և երկարատև բուժումներից հետո հայ ծանրորդը մրցահարթակ է վերադարձել 2017 թվականին արդեն նոր՝ 89 կգ քաշային կարգում, որը օլիմպիական է: 2017 թվականին Կարապետյանը դարձել է Համաշխարհային Ունիվերսիադայի արծաթե, իսկ աշխարհի գավաթի խաղարկության՝ բրոնզե մեդալակիր: 2021 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2022 թվականին ԵԱ-ում բավարարվել է պոկում վարժության փոքր արծաթե մեդալով:
Երևանում 2023 թվականին անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Կարապետյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում գրանցելով 374 կգ արդյունք (178+196): Ընդ որում՝ պոկում վարժությունում Կարապետյանը 178 կգ արդյունքով սահմանել է մեծահասակների Եվրոպայի ռեկորդ և արժանացել փոքր ոսկե մեդալի:
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում Անդրանիկ Կարապետյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 9-ին:
Գարիկ Կարապետյանը ծնվել է 2003 թվականի հունիսի 11-ին Գյումրիում: Կարապետյանը հանդես է գալիս 102 կգ քաշային կարգում: Օլիմպիական խաղերին մասնակցում է առաջին անգամ:
Կարապետյանը 2023 թվականին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկամարտի 392 կգ արդյունքով (178+214 կգ) հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նաև աշխարհի ու Եվրոպայի մի շարք ռեկորդներ: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 178 կգ ծանրաձողն ու Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանելով, իսկ հրում վարժությունում դարձել է փոքր արծաթե մեդալակիր՝ 214 կգ արդյունքով:
2022 և 2023 թվականին Կարապետյանը հռչակվել է նաև Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող, աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր և ռեկորդակիր, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող, 2024 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե, աշխարհի գավաթի խաղարկության՝ արծաթե մեդալակիր:
Գարիկ Կարապետյանը նաև պատանիների Եվրոպայի չեմպիոն է (2018 թ.), պատանիների աշխարհի փոխչեմպիոն (2019 թ.), երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող (2021, 2022 թ.):
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում Գարիկ Կարապետյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին:
Վարազդատ Լալայանը ծնվել է 1999 թվականի մայիսի 1-ին Գյումրիում: Հանդես է գալիս +102 կգ քաշային կարգում: Օլիմպիական խաղերին մասնակցում է առաջին անգամ:
2024 թվականին Լալայանը կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի մեծահասակաների չեմպիոնի կոչումն ու դարձել նաև աշխարհի գավաթակիր: Լալայանը ԵԱ-ի չեմպիոն է հռչակվել երկամարտի 455 կգ արդյունքով: Նա արժանացել է նաև պոկում և հրում վարժությունների փոքր ոսկե մեդալներին՝ համապատասխանաբար 205 և 250 կգ արդյունքներով: Աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալին Լալայանն արժանացել է երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ): Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 210 կգ, իսկ հրում վարժությունում՝ 253 կգ ծանրաձողը՝ առանձին վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալներին:
Լալայանը նաև Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է (2016 թ.), Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն (2019 թ.), երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր (2019 թ.), Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող և ռեկորդակիր (2019 թ.), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2021 թ.), Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող և ռեկորդակիր (2021 թ.), աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և ռեկորդակիր (2021 թ.), Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն (2022 թ.), Եվրոպայի Մ23 չեմպիոն և ռեկորդակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2022 թ.): 2023 թվականին նա նվաճել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների փոխչեմպիոնի տիտղոսը:
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում Վարազդատ Լալայանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն այսօր կպայքարեն մեդալների համար. Փարիզ-2024
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում այսօր մեդալի համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմ...
Օլիմպիական խաղերի բացման արարողության պրոդյուսերները բողոք են ներկայացրել. ԶԼՄ
Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը կազմակերպած պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը հաշվեհարդ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արթուր Ալեքսանյանը մայրցամաքները ներկայացնող կոլաժում ներկայացվել է որպես Եվրոպայի դեմք
Հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Փարիզի Օլիմպիական խաղերում մայրցամաքները ներկայացնող կոլաժում ներկայացվել է որպես Եվրոպայի...
Սնուփ Դոգը կլինի Օլիմպիական կրակի ջահակիրներից մեկը
Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը կլինի Օլիմպիական կրակի փոխանցավազքի ջահակիրներից մեկը: Նա ջահը կանցկացնի Փարիզի հյուսիսային ա...