Երևանում երիտասարդը գողացել է նախկին ընկերուհու հեռախոսն ու փորձել վարկ ձևակերպել
Ավազակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող Կամոյի անվան դպրոցի մոտ վերոնշյալ կինը հանդիպել է իր նախկին ընկերոջը՝ 27–ամյա երիտասարդին։ Վերջինս, ընկերոջը զանգելու պատրվակով, վերցրել է կնոջ հեռախոսը։ Այնուհետև չվերադարձնելով հեռախոսը՝ քաշքշել է նրան և հարվածներ հասցրել ոտքին, ինչի հետևանքով վերջինս ընկել է գետնին, և պայուսակն ընկել է ձեռքից։ Նույն վայրում գտնվող մեկ այլ տղամարդ, վերցնելով պայուսակը, որի մեջ եղել են բանկային, նույնականացման քարտեր, այլ փաստաթղթեր և գումար, դիմել է փախուստի։ Վերջինիս բռնելու պատրվակով, կնոջ հեռախոսը ձեռքին, փախուստի է դիմել նաև 27–ամյա երիտասարդը։
Պարզվել է, որ 27–ամյա երիտասարդը, հեռախոսի միջոցով հասանելիություն ստանալով նրա անձնական և բանկային տվյալներին, կնոջ անվամբ, նույնականացման քարտի միջոցով, շուրջ 4,3մլն դրամի չափով առցանց վարկ է ձևակերպել և փորձել բանկային քարտից խոշոր գումարային փոխանցում կատարել մեկ այլ ֆիզիկական անձի բանկային քարտի, որը չի հաջողվել։ Իսկ վարկի տրամադրումը կասեցվել է տուժողի կողմից այդ ընթացքում կանխարգելիչ նպատակներով իր հաշիվներն արգելափակելու համար բանկ զանգահարելու արդյունքում։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել և զննության են ենթարկվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերը։ Տուժող կնոջ ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող 27–ամյա երիտասարդին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: