ԱՄՆ-ն և Իրաքը գտնվում են համաձայնագրի կնքման վերջնական փուլում․ ԶԼՄ

ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունները մոտ են Արաբական Հանրապետության տարածքից Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերման շուրջ համաձայնության հասնելուն: Այս մասին հայտնել է էմիրատական The National թերթը։


«Այժմ ԱՄՆ-ն և Իրաքը գտնվում են համաձայնագրի կնքման վերջնական փուլում»,-պարբերականին ասել է Վաշինգտոնում բանակցություններում իրաքյան պատվիրակության անդամ Ջավադ ալ Բուլանին։ Ինչպես նա նշել է, երկու կողմերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդ զորքերի առաքելությունը մոտենում է ավարտին:


Իրաքի կառավարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Բաղդադն ու Վաշինգտոնը պայմանավորվել են սկսել Իրաքում կոալիցիայի առաքելության շրջանակներում տեղակայված ամերիկյան զորքերի մասնակի դուրսբերումը: Միջազգային և ամերիկյան ուժերի մի մասը կմնա Արաբական Հանրապետության տարածքում՝ անվտանգության նոր համաձայնագրերի համաձայն: Մնացած զորախմբի խնդիրներից մեկը կարող է դառնալ իրաքյան ուժային կառույցների նախապատրաստումը։


Դրա հետ մեկտեղ, The National-ի զրուցակիցների տեղեկություններով, տարաձայնությունների առարկա է մնում կոալիցիայի զորքերի գտնվելը Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքի ալ Հարիր ավիաբազայում: ԱՄՆ-ը պնդում է, որ իրենց ներկայությունն այնտեղ անհրաժեշտ է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժերի դեմ գործողությունները համակարգելու համար: Իր հերթին Իրաքի իշխանությունները հայտարարում են, որ դրան չեն համաձայնել 2014 թվականին, երբ միջազգային կոալիցիայի զորակազմը տեղակայվել էր արաբական երկրում:


2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ պահանջելով հանրապետությունից դուրս բերել բոլոր օտարերկրյա ուժերը։ 2021 թվականի մարտին Իրաքի իշխանությունները հայտարարել էին, որ երկրում ամերիկյան զորքերի թիվը չի գերազանցում 2,5 հազարը։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ միջազգային կոալիցիան ավարտել է հանրապետության տարածքից իր զորքերի դուրսբերման գործողությունը, սակայն պահպանել է ներկայությունը ռազմական խորհրդականների մակարդակով։


Փետրվարին Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Ռասուլը ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի ուժերն ապակայունացնող գործոն էր անվանել: Նա ընդգծել է, որ Բաղդադը ստիպված է ամենալուրջ կերպով դիտարկել երկրում կոալիցիայի առաքելության շուտափույթ դադարեցման հարցը: Reuters գործակալությունը հուլիսի 23-ին հայտնել է, որ Իրաքի իշխանությունները մտադիր են հասնել կոալիցիայի զորքերի դուրսբերմանը մինչև 2025 թվականի սեպտեմբեր: