Քննարկվել է Չինաստանի՝ «Ակադեմիական քաղաք» նախագծերում համագործակցության հնարավորությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հույի գլխավորած պատվիրակությանը:


ԱԺ փոխնախագահն անդրադարձել է վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության ծավալի զգալի աճի միտումներին եւ փաստել, որ թե՛ առեւտրատնտեսական, թե՛ էներգետիկ ոլորտներում առկա է չօգտագործված հսկայական ներուժ: Այս համատեքստում կարեւորվել է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի հետ կապերը խորացնելու անհրաժեշտության մասին: Այս առումով ընդգծվել է «Ինժեներական քաղաք» եւ «Ակադեմիական քաղաք» նախագծերում համագործակցության հնարավորությունը:


ԱԺ փոխնախագահը գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային մարտահրավերները, փաստել, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակին: Հակոբ Արշակյանի խոսքով Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ ղեկավարների հանդիպումն ու դրա արդյունքում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ ընդունված եռակողմ հռչակագիրը լրջագույն զարգացում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում: Ընդգծվել է, որ դեռեւս չլուծված են մնում հումանիտար հարցերը, մասնավորապես՝ 23 գերի շարունակում է գտնվել ադրբեջանական բանտերում:


Հյուրերին ներկայացվել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ըստ Հակոբ Արշակյանի, կնպաստի տարածաշրջանի զարգացմանը:

Քաղաքականություն