
Նիդեռլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին

Նիդեռլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով, Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետ X-ի իր միկրոբլոգում գրել է արտգործնախարար Դավիդ Վան Վելը։
Նշենք նաև, որ այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։ Նախարարները քննարկում են ունեցել նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Արարատ Միրզոյանը և Դավիդ վան Վելը քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները, այդ թվում՝ մարտին երկու երկրների միջև ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչման միջոցով։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական համագործակցության, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առևտրային կարողությունների զարգացմանն ու եվրոպական շուկա մուտքի ընդլայնման համար Նիդերլանդների աջակցությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակներում ՀՀ-ին հավելյալ ֆինանսական հատկացումը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Նիդերլանդների հետ փոխգործակցությանը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում քննարկվել են ԵՄ առկա գործիքակազմի հետևողական կիրառման միջոցով գործընկերության խորացման, ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված քայլերը։
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ձեռք բերված կարևորագույն համաձայնությունների կապակցությամբ Նիդերլանդների կողմից արտահայտված դիրքորոշման համար, ներկայացրել է դրանց մանրամասները։