Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել է ինքնագլոր վարող երիտասարդի ուղղությամբ
Հուլիսի 21-ի ժամը 17.05-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել է ինքնագլոր վարող տղամարդու ուղղությամբ:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16.55-ին Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը վիճաբանել է ինքնագլոր վարող քաղաքացու հետ, որի ընթացքում քաշքշել են իրար, ինչից հետո «Մերսեդեսի» վարորդը մեկ անգամ կրակել է գազային ատրճանակով:
Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական և Էրեբունու բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 20-ամյա երիտասարդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել: Անձնական խուզարկությամբ նրա հայտնաբերվել են մեկնարկային ատրճանակ և մեկ փամփուշտ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: