ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզի մետրոյում հատուկջոկատայինները փնտրում են մահապարտի գոտիով տղամարդուն

Ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները Փարիզի մետրոյում փնտրում են մի մարդու, որը ենթադրաբար մահապարտի գոտիով է, հաղորդում է Actu17 պորտալը:

Ինչպես պարբերականին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը, նրան նկատել են քաղաքի արեւելքում գտնվող «Նասյոն» կայարանի վագոններից մեկում:

Կայարանին են մոտեցել ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի զրահապատ մեքենաները։ Բոլոր ուղևորներին տարհանել են։

Ինչպես ընդգծում են ոստիկանությունում, առայժմ ոչինչ  «թույլ չի տալիս հաստատել, որ կասկածյալը զինված էր կամ ուներ պայթուցիկներ»։


«Նասյոնի» շրջակայքը շրջափակել է ոստիկանությունը։ Տեղում ներկա են հատուկ ջոկատայինների բրիգադներն ու սակրավորները։ Իշխանությունները դեռևս որևէ լրացուցիչ տեղեկություն չեն տրամադրել կասկածյալի ինքնության կամ տագնապի հանգեցրած հանգամանքների մասին:

Աղբյուրը պարբերականին հայտնել է, որ կասկածյալին դեռ չեն գտել։

Ինչպես հայտնել է Փարիզի դատախազ Լոր Բեկոն, Ֆրանսիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ սպասվում է հանցավորության աճ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Փարիզում հուլիսի 26-ին կայանալիք Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կարող են Սեն գետից մարզադաշտ տեղափոխել ահաբեկչական սպառնալիքի դեպքում:

Ամառային Օլիմպիական խաղերը Փարիզում կանցկացվեն հուլիսի 26 -ից օգոստոսի 11-ը, Պարալիմպիդան՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: