ՌԴ-ից ՀՀ-ին տեղեկացրել են հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծման արգելքի մասին. ընկերություններից մեկից մանրամասնում են. Factor

Ռուսական կողմը ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին գրությամբ տեղեկացրել է, որ արգելում են հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը, և այդ ցանկում նաև մեր ընկերության անունն է ներառված, Factor.am-ին հայտնեցին Green Farmer ՍՊԸ-ից։ Հրազդանում գործող լոլիկի մշակությամբ զբաղվող ընկերությունում զարմացած են ռուսական կողմի հայտարարությունից, թե իրենց արտադրանքում պեստիցիդների առկայությունը գերազանցում է թույլատրելի շեմը։


Ընկերությունում դժվարանում են ասել՝ առաջիկա օրերին կկարողանա՞ն լոլիկ արտահանել Ռուսաստան, թե՞ ոչ։ Առայժմ միայն հերքում են, որ իրենց արտադրանքում խախտումներ կան։ «Մենք խախտումներ չունենք, ամեն ինչ համապատասխանում է սահմանված նորմերին»,- պնդեցին ընկերությունից։


Green Farmer-ում, սակայն, կարծում են, որ այս որոշումը, հնարավոր է, քաղաքական ենթատեքստ ունի։ Թեմայի վերաբերյալ Factor.am-ը փորձեց նաև պարզաբանում ստանալ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Գերատեսչությունից խոստացան մեր հարցերին ավելի ուշ պատասխանել։ Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ռուսական կողմը գրությամբ դիմել է հայկական կողմին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքի արտահանման հնարավորությունը։


Անցյալ տարվա աշնանն էլ «Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական մթերքի մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը բացահայտել էր Հայաստանից արտահանված ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք։ Բայց այս դեպքերը միակը չեն․ տարեսկզբին «Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել էր Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակի վաճառքը՝ պատճառաբանելով, թե հանքային ջրից քաղաքացին կերակրափողի այրվածք է ստացել և մահացել։ Դրանից հետո էլ «Ռոսսելխոզնադզոր»-ը «խախտումներ էր հայտնաբերել» Հայաստանից արտահանված ձկնկիթում։