Բալիում զբոսաշրջիկներին հորդորել են ավելի համեստ հագնվել և նշել են պատճառները
Բալիի զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավար Տժոկ Բագուս Պեմայունը կղզու զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել զերծ մնալ բիկինիով և կրծկալներով սկուտերներով ուղեւորություններից: Նրա խոսքը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն։
«Երբեմն զբոսաշրջիկները, ովքեր այստեղ մոտոցիկլետ են վարում, կրում են անքաղաքավարի և անպատշաճ հագուստ, օրինակ՝ բիկինի։ Հնարավոր է՝ նրանք առաջին անգամ են արեւադարձային երկրում, այդ պատճառով էլ սովոր չեն մեր շոգ եղանակին», — հայտարարել Է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ նման պահվածքը շեղում է տեղի բնակիչներին ճանապարհին, ինչպես նաև սոցցանցերում անցանկալի ուշադրություն է հրավիրում Բալիի զբոսաշրջիկների վրա: Նա նաև խորհուրդ է տվել մոտոցիկլետների կամ սկուտերների ղեկին գտնվող զբոսաշրջիկներին հնարավորության դեպքում ընտրել տաբատներ:
Անցյալ տարվա ապրիլին սոցիալուհի և հագուստի ապրանքանիշի հիմնադիր Լուիզա Կոսիխը բալինյան սուրբ ծառի մոտ բաց ֆոտոսեսիա էր անցկացրել։ Ակտիվիստները պահանջել են գտնել և պատժել ռուս զբոսաշրջիկին։ Արդյունքում աղջկան ձերբակալել են եւ պարտավորեցրել անհապաղ լքել Ինդոնեզիան։