ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավելի քան կես միլիոն ռուսաստանցիներ մնացել են առանց Էլեկտրականության
Ռուսաստանի հարավում ավելի քան 500 հազար մարդ առանց Էլեկտրականության Է մնացել անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով, որը հանգեցրել է էներգետիկայի կոլապսի:
Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ էլեկտրամատակարարման անջատումն արդեն ազդել է ավելի քան 325 հազար մարդու վրա Կրասնոդարի երկրամասում և 226 հազարի վրա՝ Ռոստովի մարզում։ Գերատեսչությունում դա կապում են ամառային բարձր ջերմաստիճանով պայմանավորված սեզոնային մեծ քանակությամբ սպառման հետ։
Միևնույն ժամանակ, Ռոստովի մարզի իշխանությունները հայտնել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներում մի շարք վթարների մասին: Մասնավորապես, նահանգապետ Վասիլի Գոլուբևի խոսքով, վթարը տեղի է ունեցել Նովոչերկասկի ՀԷԿ-ում: Բացի այդ, իրավիճակի վրա ազդել է Ռոստովի ատոմակայանի բլոկներից մեկի պլանային վերանորոգումը, ինչպես նաև Ռոստովի ՋԷԿ-2 և Վոլգոդոնի ՋԷԿ-2 բլոկների վթարային վերանորոգումը։ Դա հանգեցրել է մոտ 1 հազար ՄՎտ կորստի։
Գոլուբևի խոսքով՝ ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով շարքից հանվել է Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջանի էլեկտրակայանը:
«Մասնագետների նախնական գնահատմամբ՝ դրա վերականգնման համար կպահանջվի մինչեւ 3 օր։ Այդ պատճառով առայժմ մարզում պահպանվում է ժամանակավոր անջատումների ռեժիմ մտցնելու անհրաժեշտությունը», - նշել է Գոլուբեւը։
Ռոստովի մարզում էլեկտրաէներգիայի անջատումները սկսվել են հուլիսի 5-ին։ Այն ժամանակ առանց էլեկտրամատակարարման տեխնոլոգիական խախտման պատճառով մնացել էր Բատայսկի և Դոնի Ռոստովի սպառողների մի մասը։ Նախօրեին՝ հուլիսի 8-ին, Գոլուբևը հայտնել է, որ անջատումների հետ կապված ամենալարված իրավիճակը նկատվում է Տագանրոգում և Նեկլինովսկի շրջանում, որտեղ գերլարվածության պատճառով էլեկտրահաղորդման գծերի վթար է տեղի ունեցել:
Ռոստովի նահանգապետի խոսքով՝ տարածաշրջանի բնակիչների տներում լույսի անջատումները նվազագույնի հասցնելու համար իշխանությունները մասամբ կսահմանափակեն էներգիայի մատակարարումը մարզի ձեռնարկություններին, ընդ որում՝ սահմանափակումները չեն ազդի նրանց աշխատանքի վրա: Միևնույն ժամանակ, բնակչության համար ներդրվել են օրական 1,5–4 ժամ անջատման «լողացող» ժամանակացույցեր:
Ըստ եղանակի կանխատեսման՝ Կրասնոդարի երկրամասում այսօր ջերմաստիճանը կհասնի 38 աստիճանի, իսկ Ռոստովի մարզում՝ 37 աստիճանի: Ընդ որում, առաջիկա մի քանի օրերին կտրուկ նվազում չի սպասվում։