Համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել

Ոստիկանությունը զգուշացնում է. համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել․


Համացանցում, մասնավորապես, Facebook և Instagram սոցիալական կայքերում տարածվում է գովազդ, որով անհայտ անձինք ոստիկանության անունից ֆինանսական խարդախություններից տուժած անձանց առաջարկում են վերադարձնել կորցրած գումարները:


Մուտք գործելով իբր գումարի վերադարձման համար նախատեսված դիմումի էջ` քաղաքացիներից պահանջում են լրացնել անձնական տվյալներ՝ կորցրած գումարի չափը, փոխանցման տարբերակը (բանկային քարտով կամ կրիպտոարժույթով), անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար:


Որոշ ժամանակ անց օտար լեզվով խոսող անձինք զանգահարում են նշված հեռախոսահամարին և կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու համար, իբր օրենքով նախատեսված կարգով, պահանջում գումար:


ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց, իսկ նշված հանցագործությունների հետևանքով ֆինանսական կորուստներ ունենալու դեպքում դիմել Ոստիկանություն: