Թուրքիայում անկարգությունների պատճառով բռնել են ավելի քան 470 մարդու
Ավելի քան 470 մարդ ձերբակալվել է թուրքական Կայսերի նահանգում (երկրի հարավ) անկարգությունների պատճառով, տեղեկացրել է ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան Х սոցցանցում։
«Կայսերիում անկարգությունից հետո մեր երկրի որոշ քաղաքներում կազմակերպվել են բողոքի սադրիչ ակցիաներ սիրիացիների դեմ։ Անօրինական միջոցների գործադրմամբ տեղի ունեցած սադրիչ գործողություններից հետո ձերբակալվել է 474 մարդ։ Պարզվել է, որ 285 ձերբակալվածներ դատվածություն ունեն տարբեր հանցագործությունների համար (միգրանտների անօրինական տեղափոխում, մարմնական վնասվածքների պատճառում, թմրանյութեր, թալան, գողություն, գույքի փչացում, սեռական ոտնձգություններ, խարդախություն, փողերի կեղծում, սպառնալիքներ, վիրավորանքներ, զրկում անձնական ազատությունից եւ այլն)»,- գրել է Երլիքայան։
«Եկեք չտրվենք սադրանքներին։ Եկեք զուսպ լինենք։ Չկատարենք հանցագործություններ՝ վնաս պատճառելով մարդկանց, շրջակա միջավայրին եւ գույքին անօրինական միջոցներով։ Մեր պետությունն ուժեղ է։ Նրանք, ովքեր մտածում են չարագործություն կատարել մեր պետության եւ մեր ազգի դեմ, արժանի պատասխան կստանան»,- նշել է ՆԳՆ ղեկավարը։
Թուրքիայի ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ Կայսերիի անկարգությունների հետ կապված՝ սոցցանցերում հաղորդագրությունների մոտ 37 տոկոսը հրապարակվել է բոտերով, իսկ հաղորդագրությունների մոտ 70 տոկոսը գրվել է սադրանքների նպատակով։ Սկսվել է հետաքննություն սոցցանցերի 63 օգտահաշիվների հետ կապված, տասն արդեն ենթարկվել են պատասխանատվության։
Կիրակի թուրքական Կայսերի նահանգում տեղի են ունեցել անկաչգություններ այն բանից հետո, երբ ոստիկանները բռնել են մի սիրիացու՝ կապված սիրիացի երեխայի հանդեպ բռնության հետ, որը նրա ազգականն է։ Երեխան հանձնվել է խնամակալ մարմիններին, տղամարդը ձերբակալվել է։ Թուրքիայի նախագահի վարչակազմը անկարգությունների ֆոնին հայտարարել է սադրանքների փորձի մասին՝ նպատակ ունենալով խափանել խաղաղությունն ու կարգը հանրապետությունում։ Սիրիական Sham FM ռադիոկայանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Աֆրին, Աազազ եւ Էլ-Բաբ շրջաններում (Հալեպի հյուսիս) տեղի են ունեցել բախումներ թուրքական զորքերի եւ մի շարք խմբավոումների զինյալների միջեւ, որոնք լոյալ են Անկարային։