«Օսկարը» դիտարկում է «Լավագույն դերասանի» եւ «Լավագույն դերասանուհու» անվանակարգերը փոխարինել «գենդերային չեզոք» անվանակարգով

«Օսկար»-ը շուտով կարող է լուրջ եւ հակասական փոփոխություններ կրել, քանի որ Կինոարվեստի եւ գիտության ակադեմիան փորձում է փոխարինել «Լավագույն դերասան» եւ «Լավագույն դերասանուհի» անվանակարգերը՝ գենդերային չեզոք տարբերակով:

Քանի որ գնալով ավելի շատ մրցանակաբաշխություններ են ընդունում գենդերային չեզոք կատեգորիաներ, Ակադեմիան մտածում է հետեւել այդ օրինակին, բայց ընդունում է, որ այս գաղափարը դեռ «հետազոտության վաղ փուլում է», Variety-ին ասել է ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը:


Միտումը սկսվեց այն ժամանակ, երբ 2012 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխությունը միավորեց լավագույն փոփ, քանթրի եւ R&B վոկալ կատարումները մեկ գենդերային չեզոք անվանակարգում:


Քրամերը նշել է, որ Ակադեմիան կքննարկի բազմաթիվ գործոններ նախքան վերջնական որոշում կայացնելը: Գենդերային չեզոք կատեգորիաների գաղափարը աջակցություն է ստացել ոչ բինար կատարողներից, ինչպիսիք են Էմմա Քորինը եւ Ասիա Քեյթ Դիլոնը: Քորինը, որը հայտնի է «Թագը» ֆիլմում արքայադուստր Դիանայի դերով, լոբբինգ է արել մրցանակների անվանակարգերում ավելի մեծ ներառականության համար:


Այնուամենայնիվ, կինոքննադատ Քրիստիան Տոտոն եւ դերասանուհիներ Պատրիսիա Արքեթը եւ Ջեյմի Լի Քերթիսը, ի թիվս այլոց, պնդում են, որ թեեւ նրանք աջակցում են բազմազանությանը, գենդերային չեզոք կատեգորիաները կվնասեն կանանց:


«Մենք արդեն տեսել ենք անսեռ կատեգորիաներ, որտեղ այդ անվանակարգում առաջադրումներ են ստացել հիմնականում տղամարդիկ։ Սա խնդրահարույց է նրանց համար, ովքեր հաշվում են հաղթողներին ըստ սեռի»,-դեռեւս 2023-ին Washington Times-ին ասել էր Տոտոն:


Որոշ կին թեկնածուներ նաեւ մտահոգություն են հայտնել, որ մեկ անվանակարգը տղամարդկանց հստակ առավելություն կտա, հաղորդում է The New York Times-ը:


Օսկարի ներկայիս կառուցվածքը ներառում է գենդերային հատուկ մրցանակներ լավագույն դերասանի եւ լավագույն դերասանուհու, ինչպես նաեւ երկրորդ պլանի դերասանների համար: Մյուս կատեգորիաների մեծ մասը, ինչպիսիք են ռեժիսուրան, սցենաը եւ պրոդյուսինգը, արդեն գենդերային չեզոք են: Սակայն այս կատեգորիաներում, նույնպես, գերակշռում են տղամարդիկ։


Գենդերային չեզոք կատեգորիաների քննարկումը Variety-ի հարցազրույցում արծարծված մի քանի թեմաներից մեկն էր: Քրամերը քննարկել է նաեւ այն, որ արարողությունը 2028 թվականին մոտենում է իր 100-ամյակին: Գրեթե ամեն տարի վարկանիշները հասնում են նոր ցածր մակարդակի, Ակադեմիան պայքարում է համապատասխան եւ ֆինանսապես ապահով մնալու համար:


«Ակադեմիան ընդգրկում է երկու աշխարհ՝ կինոարդյունաբերություն եւ ոչ առեւտրային արվեստի ու մշակույթի ոլորտ: Երկուսն էլ այժմ արմատական ​​փոփոխություններ են կրում իրենց բիզնես մոդելներում: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր աջակցությունը՝ հաջորդ դարում բարեկեցություն ապահովելու համար»,-ասել է Քրամերը: