Ողբերգական ավտովթար Երևանում. 1 մարդ մահացել է, տուժածներից 3-ը երեխաներ են
Այս գիշեր Երևանում մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 4-ը` վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 01:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 55-ամյա Սերյոժա Հովակիմյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 43-ամյա Վիգեն Հովսեփյանի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները:
Վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «Նիվա»-ի ուղևորները` Արարատի մարզի բնակիչներ 12 տարեկան Արթուր Հ.-ն, 8 տարեկան Կարեն Հ.-ն և 15 տարեկան Արեգ Հ.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ժամը 08:30-ի սահմաններում հիվանդանոցից հայտնել են, որ Սերյոժա Հովակիմյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով՝ «ՎԱԶ 2121»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել և հաշվառված է եղել հոգեբուժական և նարկոլոգիական ռեգիստրում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը հենց նա է եղել։