Ինչո՞ւ հայ մարմնամարզիկները հրաժարվեցին մասնակցել ԲՐԻԿՍ–ի խաղերին
Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության թիմը դուրս է եկել ԲՐԻԿՍ–ի խաղերից, քանի որ կազմակերպիչները խախտել են պայմանավորվածությունները: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը։
Ավելի վաղ՝ հունիսի 17–ին, հայ մարմնամարզուհի Սիլվա Սարգսյանը հայտնել էր, որ ԲՐԻԿՍ-ի խաղերից հեռացվել է ադրբեջանցի մրցավարի պատճառով: Այլ մանրամասներ չէր նշվել:
Ֆեդերացիայի ղեկավարը պատմել է, որ հավաքականի գրանցման ժամանակ հայկական կողմը կազմակերպիչներից առաջարկ է ստացել որպես գլխավոր մրցավար նշանակել Հայաստանի ներկայացուցչի: Հայկական կողմից ներկայացված էր միջազգային կարգի մրցավար Ասյա Սիմոնյանը, որն իր մրցավարական կարգով համապատասխանում էր այդ պաշտոնին: Մինչդեռ մրցումների մեկնարկից մի քանի օր առաջ հայ դատավորին տեղեկացրել են, որ գլխավոր մրցավարը փոխվում է և նշանակվում է Ադրբեջանի ներկայացուցիչը:
«Անկախ նրանից, թե որ ազգի ներկայացուցիչը կլիներ գլխավոր մրցավարը, մենք միևնույնն է` հետ կկանչեինք հայտացուցակն ու դուրս կգայինք մրցաշարից, քանի որ խախտվել է նախնական պայմանավորվածությունը»,– նշել է Վանոյանը:
Նա ընդգծեց, որ գլխավոր մրցավարն այն մարդն է, որը լուրջ դեր է խաղում մրցաշարում, և վերջին պահին նրան փոխելն անընդունելի է:
«Առանց հարգելի պատճառի փոխում են մեր պայմանավորվածությունը, հեռացնում են մեր դատավորին և նշանակում մեկ ուրիշին։ Նման մոտեցումը մեր ֆեդերացիայի և, ընդհանրապես, սպորտի նկատմամբ մեզ համար անընդունելի է, այդ պատճառով մենք թիմին հանեցինք մրցաշարից»,– եզրափակել է Վանոյանը։
Նշենք, որ գեղարվեստական մարմնամարզության մրցումները Կազանում կանցկացվեն հունիսի 20–22–ը:
Հայաստանը շարունակում է իր մասնակցությունը ԲՐԻԿՍ–ի խաղերին այլ մարզաձևերում: Հայ մարզիկներն արդեն նվաճել են 7 մեդալ (1 ոսկե և 6 բրոնզե) կարատե, ուշու և սամբո մարզաձևերում: