Ամրակից գյուղում այրված բնակելի տանը 2 տարբեր ընտանիք էր ապրում. վարչական ղեկավարը մանրամասնում է
Այս գիշեր Լոռու մարզի Ամրակից գյուղում հրդեհից այրված բնակելի տանը երկու ընտանիք էր ապրում: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Ամրակից գյուղի վարչական ղեկավար Մարտին Ալավերդյանը:
«Տներից մեկում մի միայնակ կին էր ապրում՝ 60-63 տարեկան: Հրդեհից հետո հարևաններն իրենց տուն տարան նրան, սակայն նրա եղբայրներից մեկը մեր գյուղում է ապրում, կարծում եմ՝ նրա տուն կտեղափոխվի: Մյուս տանը մի տղամարդ էր ապրում՝ 35 տարեկան: Մի քանի օրով էր եկելԵրևանից էր եկել, ընտանիքը Երևանում է ապրում: Այսօր՝ հրդեհից հետո զանգեցինք նրա հարազատներին, մայրն ու եղբայրը եկան քաղաք տարան»,-պատմում է գյուղապետը:
«Հրդեհը հարևաններն են նկատել, տղայի տան հատվածում է բռնկված եղել: Հարևանները եկել են, տան տիրուհուն արթնացրել քնից, դուրս բերել փողոց: Հետո փորձել են նաև տղայի տուն մտնել, մտածել են, թե նա նույնպես քնած է, սակայն հրդեհն արդեն տարածված է եղել ու չեն կարողացել տուն մտնել: Առավոտյան կրակը մարելուց հետո պարզվել է, որ նա տանը չի եղել»,-հավելում է Մարտին Ալավերդյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 17-ին, ժամը 01:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է բնակելի տուն։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 02։43-ին, մարվել՝ 09:00-ին։ Այրվել է տունը (մոտ 320 քմ):