Բաղրամյանում զանգվածային անկարգությունների մասնակիցների նկատմամբ քրհետապնդում է հարուցվել. կան կալանավորվածներ
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված առերևույթ զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։
ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ակցիայի մի խումբ մասնակիցներ, չենթարկվելով տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին, խմբով ճնշում գործադրելով ոստիկանների նկատմամբ, փորձել էին ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ:
Հետագա նման գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել էին հատուկ միջոցներ։ Սակայն հավաքի մի խումբ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, կատարել էին խուլիգանություն:
Մասնավորապես, մարդկանց անդորրը խախտելով, ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ նրանց ուղղությամբ քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ էին նետել, կոտրել կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները:
Նախաքննության ընթացքում կատարվել էին դեպքի վայրի զննություններ, որի արդյունքում Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Դեմիրճյան փողոցի սկզբնամասում՝ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանական շարքերի հատվածից, հայտնաբերվել և վերցվել էին բազմաթիվ տարբեր չափերի քարի կտորներ, կոտրված ապակյա տարաներ, սուր ծայրով փայտե ձող, քննության համար նշանակություն ունեցող այլ իրեր ու առարկաներ։ Հայտնաբերվել էին նաև «Սիրահարների այգու» տարածքը Բաղրամյան փողոցի մայթից տարանջատող տեղահանված բազրիքը, դրա կոտրված ու վնասված հատվածներ, պարուրաձև մետաղական առարկաների մասեր, կոտրված լուսամփոփի հատվածներ, արնանման հետքեր: Համացանցից ստացվել և զննվել են մի շարք տեսաձայնագրություններ։
Նշված գործողությունների արդյունքում անհատականացվել են վերոնշյալ հանցավոր արարքներ կատարող 12 նույնականացված մասնակիցների գործողությունները:
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ նշված մասնակիցներից 1-ի նկատմամբ զանգվածային անկարգություն կատարելու, իսկ 11-ի նկատմամբ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով նրանցից 11-ը ձերբակալվել է, որոնց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։
Դատարան ներկայացված միջնորդությունների քննության արդյունքում 8 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։
Եվս 1 անձի, խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը։
Զանգվածային անկարգությունների, խուլիգանության մասնակիցների նույնականացման, արարքների անհատականացման ու հայտնաբերման, բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ անհրաժեշտ քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: