Մակրոնն ու Բայդենը հանդիպեցին. NYT-ը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև աճող լարվածության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր Փարիզի Ելիսեյան նախագահական պալատում ընդունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Երկու նախագահներն աշխատանքային ճաշի ընթացքում մտքեր են փոխանակել փոխադարձ առևտրի, ինչպես նաև Ուկրաինայի և Գազայի հատվածի պատերազմների կարգավորման վերաբերյալ: Նախագահներին պալատում ընկերակցել են առաջին տիկնայք՝ Բրիջիթ Մակրոնը և Ջիլ Բայդենը: Բայդենը Մակրոնին Վաշինգտոնում վերջին անգամ Սպիտակ տանը հյուրընկալել է 2022 թվականին:
Մինչ այդ The New York Times (NYT) թերթը գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունելու է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին, սակայն երկրների միջև լարվածությունն աճել է Գազայի հատվածում և Ուկրաինայում ռազմական հակամարտությունների պատճառով: Ելիսեյան պալատում պետական ընթրիքի ժամանակ «կենացներն ու ընկերական զրույցները չեն կարող ամբողջությամբ թաքցնել Վաշինգտոնի և Փարիզի միջև լարվածությունը»:
«Երբ տեսախցիկներն անջատված են, ամերիկացի պաշտոնյաները մասնավոր կերպով խոսում են իրենց ֆրանսիացի գործընկերների մասին հիասթափության երանգով, իսկ ֆրանսիացի վերլուծաբանները դժգոհություն են հայտնում «տրանսատլանտյան առաջնորդության նկատմամբ Բայդենի վարչակազմի իշխանական մոտեցման» կապակցությամբ», — նշում են նյութի հեղինակները: Նշվում է, որ լարվածությունը հատկապես ուժեղ է Ուկրաինայում արևմտյան զորքերի հարցում: Այս տարաձայնություններն առավել ցայտուն դրսևորվեցին փետրվարին, երբ Մակրոնը հայտարարեց Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հնարավորության մասին, իսկ Բայդենը կտրականապես մերժեց այդ գաղափարը՝ վախենալով հատուկ գործողության էսկալացիայից և Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտությունից:
Վաշինգտոնում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժերար Արոն ասել է, որ քաղաքական գործիչների միջև հակասություններ կան ոչ միայն ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր ներկայության, այլև այն հարցի շուրջ, թե որտեղ և ինչպես վերջ տալ հակամարտությանը՝ նշելով, որ «երկու պետությունների ղեկավարների միջև բացատրությունն անհրաժեշտ է ինչպես երբևէ»:
Ֆրանսիան նաև դժգոհ է Իսրայելին ամերիկյան աջակցությունից, ԱՄՆ-ի անկարողությունից՝ դադարեցնել իսրայելական հարձակումը Ռաֆայի վրա, Վաշինգտոնի համառ մերժումից՝ ճանաչելու Պաղեստինյան պետականությունը: Բացի այդ, Եվրոպային նաեւ լարում են ամերիկյան օրենքները, որոնք նախատեսում են Էլեկտրամոբիլների եւ էկոլոգիապես մաքուր այլ տեխնոլոգիաների լայն սուբսիդավորում, քանի որ այդ միջոցները համարում են «անազնիվ մրցակցություն», ճշտել են հոդվածի հեղինակները: