Մենք դրան պատրաստ ենք և սպասում ենք հանդիպակաց քայլերին․ Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիին և Վաշինգտոնին անհրաժեշտ է հարաբերությունների վերաբեռնում՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ կապված իրավիճակի ֆոնին: Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»։
«Մեր հետաքրքրությունն ու ցանկությունն է առողջացնել վրաց-ամերիկյան հարաբերությունները։ Մենք դրան պատրաստ ենք և սպասում ենք ամերիկյան կողմի հանդիպակաց քայլերին», - հայտարարել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի համար կարևոր է Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը, և կողմերն այդ հարցում պետք է գործեն պրագմատիկ: Միևնույն ժամանակ Կոբախիձեն նշել է, որ Վաշինգտոնից արված հայտարարությունն այն մասին, որ Թբիլիսիին ֆինանսական օգնությունը կարող է դադարեցվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով, ենթատեքստ ունի:
«ԱՄՆ նախկին դեսպաններից Յան Քելլին ինձ հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունը Վրաստանին հիմնականում իրականացվում է ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։ Երբ խոսքը գնում է ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին, ես դա չէի անվանի օգնություն պետությանը», — ասել է Վրաստանի վարչապետը։
Մինչ այդ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ կսահմանի Վրաստանի դեմ՝ օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքի պատճառով:
Հունիսի 3-ին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, այն ուժի մեջ է մտել: Օրենքը պարտավորեցնում է արտասահմանից ավելի քան 20 տոկոս ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել որպես «օտարերկրյա ուժի շահերը վարող կազմակերպություն»: Բացի այդ, նման ՀԿ-ները և լրատվամիջոցները պետք է ամեն տարի ֆինանսների նախարարությանը ներկայացնեն եկամուտների և ծախսերի հայտարարագրեր: