Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից․ մարզպետ
Գեղարքունիքի մարզում սահմանազատում իրականացնելուց հետո ադրբեջանական զորքը դուրս կգա այդ տարածքից։ ԱԺ-ում լրագրողներին հետ զրույցում նման վստահություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Եթե սահմանազատում պետք է իրականացվի Գեղարքունիքի մարզում, ուրեմն պետք է իրականացվի։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք, հարձակում է եղել մեր մարզի սահմանին հարող 12 բնակավայրի վրա, դրա արդյունքում մի շարք հատվածներում իրենք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Սահմանազատման արդյունքում իրենք հետ կգնան իրենց ելման դիրքեր, և ՀՀ այն բնակավայրերը, որոնք ուղիղ թիրախավորված են այդ ուժերի կողմից, արդեն իսկ կլինեն ապահովված»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այն քարտեզները, որոնցով լինելու է սահմանազատումը, տալիս է իրեն այդ վստահությունը։
Հարցին՝ ինչի՞ հիման վրա է ինքը վստահ, որ ադբեջանական զինված ուժերը հետ կգնան իրենց ելման դիրքեր, Սարգսյանը շեշտեց, որ Տավուշում էլ սահմանազատման արդյունքում որոշ հատվածներ վերադարձվեցին Հայաստանին։ Ճշտող հարցին, թե ո՞ր հատվածների մասին է խոսքը, մարզպետն ասաց՝ որտեղ սահմանազատում է իրականացվել։
«Այդ նույն քարտեզներում կա տարածք, որը նախկինում, նաև բնակիչներն ասացին՝ մտածել են, որ դա հարևան երկրինն է, բայց պարզվեց, որ դա ՀՀ տարածք է, և կանգնեցվել են հենասյուներ և ընկել է հենասյունից դեպի ՀՀ տարածք»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը։
Իսկ թե ինչ պետք է անի հայկական կողմը, եթե ադրբեջանական ԶՈւ-ն հետ չքաշվի, Գեղարքունիքի մարզպետը վստահեցրեց՝ այլ գործիքակազմ կօգտագործվի, որով կստիպեն վերջիններիս հետ գնալ։ Միևնույն ժամանակ նա հերքեց այն կարծիքը, որ գուցե ուժի գործոն կիրառվի։