Հայաստանին սահմանազատումը չի պարտադրվել, սակայն Ադրբեջանը պնդել է` վերադարձնել 4 գյուղերը. Գոռ Ծառուկյան
ՀՀ-ին որեւէ կողմ սահմանազատում չի պարտադրել, իհարկե, պետք է ամրագրենք, որ այո, Ադրբեջանը պնդել է, որպեսզի իրականացվի այս հայտնի 4 գյուղերի վերադարձը: Այս մասին Հանրային ՀԸ-ն եթերում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը նույնիսկ սպառնացել է պատերազմով, Գոռ Ծառուկյանը հաստատեց, որ հրապարակային կերպով եղել է նման ձեւակերպումներ:
«Ադրբեջանը պնդում էր գյուղերի վերադարձ առանց որեւէ սահմանազատման, առանց որեւէ սահմանի հստակեցման, ուղղակի պնդում էին` վերադարձրեք գյուղերը եւ վերջ: Հայկական կողմի հակընդդեմ պնդումների արդյունքում մենք ունեցանք հենց այս սահմանազատման գործընթացը, որով հնարավոր եղավ հստակ սահմանել, սահմանազատել, արդեն իսկ Խորհրդային միության փլուզման ժամանակ գոյություն ունեցող եւ իրավական ուժ ունեցող սահմանագիծը եւ ըստ դրա Ալմա Աթայի պայմանագիրը հիմք ունենալով ունենալ պետական սահման»,-ասաց նա:
Անդրադառնալով այն քննադատությանը, թե սահմանազատման գործընթացը օրինական չէ, քանի որ հակասում է ՀՀ սահմանադրությանը եւ միջազգային պայմանագրերին, Ծառուկյանն ասաց, որ սահմանազատման իրավական հիմքերը միջազգային իրավապայմանագրային հիմքերն են, որպեսզի միջազգային մակարդակով ճանաչված լինեն պետական սահմանները:
«ՀՀ-ն ու Ադրբեջանը ունեն ամուր միջազգային իրավապայմանագրային հիմք, որի հիման վրա սկսել են եւ հուսանք կշարունակեն սահմանազատումը: Ամենաառջաինը Ալմա Աթայի հռչակագիրն է, որը կողմերը հաստատել են 1991 թվականին, դրա հիման վրա կնքվել է, հաստատվել եւ վավերացվել է Մինսկի համաձայնագիրը: Մինսկի համաձայնագրի 5-րդ կետով եւ Ալմա Աթայի 3-րդ կետով, ինչպես նաեւ ԱՊՀ կանոնդրության համապատասխան դրույթներով հստակ սահմանված է, որ կողմերը ճանաչում են միմյանց սահմանները եւ տարածքային ամբողջականությունը այն սահմանագծով, որն այդ պահի դրությամբ գոյություն է ունեցել եւ ունի իրավական ուժ, եւ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ»,- ասաց նա` հավելելով, որ դրանք երկու երկրներում էլ անցել են պատշաճ իրավական վավերացման գործընթաց եւ սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ունեն ամուր իրավապայմանագրային հիմք:
Ծառուկյանը նշեց, որ տվյալ գործընթացը, ոչ թե սահման գծելու, սահման ճշգրտելու, տարածք փոփոխելու գործընթաց է, այլ իրենից ներկայացնում է Խորհրդային միության գոյություն ունեցող սահմանները վերականգնելու կամ վերարտադրելու գործընթաց:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան նախազգուշացում է արել ԱՄՆ-ին ու Իրանին
Թուրքիան շարունակում է անհանգստանալ Սիրիայի հյուսիսում քրդերի և քրդական ուժերի կողմից տեղի ունենալիք տեղական ինքնակառավա...
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
«Հյուսիս-Հարավը» կարող է պահանջված միջազգային միջանցք դառնալ․ Պուտին
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային ճանապարհը կարող է պահանջված միջազգային միջանցք դառնալ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգա...
Պուտինը նշել է, թե քանի գերի կա ռուսական և ուկրաինական կողմում
Ուկրաինայում շուրջ 1350 ռուսաստանցի զինվոր և սպա է գերության մեջ, իսկ Ռուսաստանում՝ շուրջ 6470 ուկրաինացի զինվոր։ Այս մա...