ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ «գործակալ» են ասում այն շարժումները, որոնց մասը նաև Դուք եք. Միրզոյանը` ընդդիմադիր պատգամավորին

Եթե կարճ գնահատենք դուք արտաքին հարաբերությունների մասով բյուջեն ծախսել եք աննպատակ, որովհետև կառավարության ծրագիրը չեք կատարել մի քանի ուղղություններով։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԳ նախարարին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։


«ՀԱՊԿ մասով, օրինակ, ծրագրում մի բան է գրված, դուք բոլորովին այլ բան եք արել, Արցախի խնդրով ընդհանրապես հակահայկական գործունեություն է կատարվել, այն ինչ գրված է կառավարության ծրագրում դրա ճիշտ հակառակն է արվել, Ցեղասպանության հարցում որևէ խնդիր արտաքին օրակարգի վրա չի դրվել, այսպես կարելի է շարունակել։ Սրանք բոլորը ձեր կառավարութան ծրագրից բխող քայլեր էին, որ պետք է կատարվեին, բայց չեն կատարվել մինչ հիմա»,- ասաց նա։


Ըստ Ռուստամյանի՝ արվել է ճիշտ հակառակը՝ կատարվել են Ադրբեջանի պահանջները, օրինակ, հենց նույն սահմանազատման սահմանագծման մասով։


«Դա արվում է Ադրբեջանի պահանջով, Ադրբեջանը պահանջում է մի բան, դա հիմնավորում եք ու սկսում իրականացնել, այդ թվում նաև Սահմանադրության փոփոխության հարցը․ Հայաստանում օրակարգ է բերվում դա։


Արդյունքում դառնում է ինչ-որ մենք բյուջեով ծախսեր ենք նախատեսում, որ չկատարվեն ծրագրով նախատեսված պահանջները։ Այս առումով բյուջեի կատարողականը ինչպե՞ս եք գնահում որպես օգտակար ու արդյունավետ»,- ասաց պատգամավորը։


Արարատ Միրզոյանը նշեց, որ չի կիսում Ռուստամյանի գնահատականները, այլև ռազմավարական երկարաժամկետ հիմնարար առումով այն մոտեցումները, որից ելնելով ներկայացնում է իր գնահատականները, համարում է մոլորություն առնվազն, իսկ ավելի լուրջ գնահատմամբ՝ կործանարար ՀՀ համար։


«Մտածելակերպ, որ պատճառն է եղել այն աղետների ու արհավիրքների, որոնց մենք բախվել ենք վերջին տարիների ընթացքում։ Հենց այդ մտածելակերպն է տասնամյակներով մեզ ներարկված՝ ներսից, դրսից։ Այդ մտածելակերպն է, որ մեզ կանգնեցրել է այն կոտրած տաշտակի առջև, որի առջև կանգնած ենք վերջին տարիների ընթացքում։ Դուք ձեր տված հարցին ավելի լավ կպատասխանեիք, եթե իմ տեղը նստած լինեիք, և ձեզ շատ ավելի լավ «կչորեիք» քան ես եմ ինձ թույլ տալիս»»,- ասաց նա: 


Մանրամասները՝ տեսանյութում։