ՀՀ այժմյան ղեկավարությունը պետք է մտածի՝ ի՞նչ ձևով են նրանց հիշելու պատմության մեջ. Արշինովա
Երևանում ավելի լավ է երևում՝ որտեղից ում ականջներն են երևում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Единая Россия» խմբակցության փոխնախագահ Ալյոնա Արշինովան:
«Ժողովուրդն ինքը պետք է ընտրի և կողմնորոշվի: Լավ է, երբ ժողովուրդը վստահում է իր ղեկավարին, բայց եթե այս պրոցեսները տեղի են ունենում, ապա շատ հարցեր են ծագում: Այդ հարցերը ծագում են ներքաղաքական կյանքում և եթե նա չի կարողանում պատասխանել այդ հարցերին, ապա գոնե պետք է պատասխանատվություն ունենա բարձրաձայնել դրա մասին»,- նշել է լրատվամիջոցի զրուցակիցը:
Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին Սրբազան պայքարի համատեքստում այն մասին, որ կարող են զորակազմ ուղարկել Հայաստան՝ ՀՀ կառավարությանը աջակցելու համար՝ պատգամավորը շեշտել է.
«Անթույլատրելի եմ համարում ներքին գործերին միջամտելը, քանի որ ինչպես նշել էի՝ ժողովուրդը պետք է որոշի: Գունավոր հեղափոխությունների օրինակով՝ եթե որևէ մեկը միջամտում է, ապա դա շատ ակնհայտ է լինում, եվրոպական պաշտոնյաները չեն թաքցնում իրենց իղձերը և թխվածքաբլիթներ են բաժանում հեղափոխական հրապարակներում, որպեսզի հասնեն իրենց վերջնանպատակին»:
Ալյոնա Արշինովան, անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից հակառուսական տրամաբանությունների սրմանը Հայաստանում, նշել է.
«Շատ ցավալի է ու վատ է այդ իրավիճակը, քանի որ հայերն ու ռուսներն ամենաբարեկամական ժողովուրդն են: Հայաստանն ու ՌԴ-ն շատ սերտ կապերով են կապված, անթույլատրելի է, որ ինչ-որ գծեր քաշեն մեր ժողովուրդների մեջ և փորձեն ինչ-որ սադրիչ գործողություններ իրականացնել»,- ընդգծել է մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններում այս պահին քաղաքացիական ակտիվությունը, լավ իմաստով, կարող է օգնել այն հատվածներում, որտեղ թերացումներ կան, որպեսզի դրանք շտկել և ամրացնել եղած կապերը:
«Եթե երկրի ղեկավարը չի զգում ժողովրդի տրամադրությունները, ապա իրավիճակի մասին խոսելն ավելորդ է: Հայաստանի օրինակը չէ միայն այստեղ, նաև նախկին ԽՍՀՄ պետությունների ղեկավարներ փորձում են ամեն բան վերափոխել և թեքել հեռավոր մի ուղղությամբ: Ամենահասկանալի և պարզ աշխատաոճը սահմանակցային մոդելն է, պետք չէ արհեստականորեն քայքայել երկրների միջև հարաբերությունները»,- ընդգծել է նա:
Արշինովան եզրափակել է՝ այժմյան ՀՀ ղեկավարությունը և այլ նույն քաղաքականությունը որդեգրած երկրները պետք է մտածեն՝ ի՞նչ ձևով են նրանց հիշելու պատմության մեջ: