Նույնը Թուրքիան ընդունում է ավելի կոշտ, բայց նրա նկատմամբ Արևմուտքը ոչ մի դիտողություն չունի․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հիմնավորելով օտարերկրյա գործակալների մասին օրենքի անհրաժեշտությունը, հայտարարել է, որ իշխանությունները չեն ցանկանում երկրի «ուկրաինացում», «Մայդան» եւ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ»:


«Մենք չենք կարող համաձայնության գալ գլխավոր հարցերի շուրջ։ Ոմանք ուզում են ջուրը պղտորել, մենք չենք ուզում, ոմանք այստեղ «Մայդան» են ուզում, մենք չենք ուզում, ոմանք ուզում են երկրորդ ճակատ, մենք չենք ուզում։ Սա է տարաձայնությունների հիմնական պատճառը։ Այդ պատճառով քննարկումների տեղ չկա, քանի որ գլխավոր հարցը տարաձայնությունների առարկա է», — ասել է նա վրացական Առաջին ալիքի եթերում։


Կոբախիձեն այսպես է մեկնաբանել Վենետիկի հանձնաժողովի՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը չեղարկելու առաջարկությունը։ Նա հավելել է, որ երկրի իշխանությունները չպետք է թույլ տան Վրաստանի «ուկրաինացումը», իսկ դրա համար անհրաժեշտ է ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկություն, որոնք, նրա խոսքով, երկու անգամ փորձել են հեղափոխություն իրականացնել երկրում:


Վարչապետը կարծիք է հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովը «հրաժարվել է մասնագիտական արժանապատվությունից»։ Ընդ որում, նա ընդգծել է, որ առաջարկվող օրենքի գլխավոր նպատակը պետական ինքնիշխանության և երկրի անվտանգության պաշտպանությունն է:


Վարչապետի խոսքով՝ Վրաստանը 2022 թվականից Գլոբալ ուժերին հետաքրքրում է որպես Ռուսաստանի հետ պոտենցիալ երկրորդ ճակատ, դրանով են բացատրվում Արևմուտքի հարձակումները «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա,։


«2022 թվականի սկզբից լուրջ հետաքրքրություն կար Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու հարցում, որը կթուլացներ Ռուսաստանի դիրքերը, բայց դա կկործաներ մեր երկիրը։ Նման հետաքրքրություն այսօր էլ կա», - ասաց նա։


Նա նշել է, որ ճիշտ նույն օրենքն ընդունում է Թուրքիան, «նույնիսկ ավելի կոշտ, քան մեզ մոտ», բայց նրա նկատմամբ Արեւմուտքը ոչ մի դիտողություն չունի։


Վրացական ԶԼՄ-ներն ավելի վաղ տարածել էին Վենետիկի հանձնաժողովի զեկույցը, որում հանրապետության իշխանություններին կոչ էր արվում «չեղյալ հայտարարել օրենքն իր ներկայիս տեսքով»: Փաստաթղթում նշվում է, որ օրենքը չի համապատասխանում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածներում պարունակվող խիստ պահանջներին, իսկ դրա հիմնարար թերությունները բացասական հետեւանքներ կառաջացնեն կարծիքների արտահայտման, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, հասարակական գործերին մասնակցության եւ խտրականության արգելքի հետ կապված:

Քաղաքականություն