Վարորդների պահանջը չի կատարվի. Երևանի տրանսպորտի վարչության պետը պայման դրեց
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ներսում կան խնդիրներ, և դրանք առաջիկա օրերին կհանրայնացվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների: Վարորդներն, այնինչ, միաձայն հայտարարում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի, դրա համար էլ նրա հետ աշխատել չեն ուզում, իրենց նախկին ղեկավարների վերադարձն են պահանջում։
«Աշխատակիցներին աշխատանքից ազատելու բոլոր հիմքերը կան, ոչ մի աշխատող անհիմն չի ազատվել և չի էլ ազատվելու։ Եթե աշխատողն իր աշխատանքային պարտականությունները պատշաճ չի կատարում և առաջանում են խնդիրներ ընկերության բնականոն աշխատանքում, դա էլ հանդիսանում է տվյալ աշխատողի հետ նման իրավիճակի պատճառ»,–ասաց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին չի ցանկանում ընկերության ներսում առկա խնդիրնեը բարձրաձայնել, քանի որ ենթադրում է, որ որոշ դեպքերում աշխատակիցների գործողություններին կարող է իրավական գնահատական տրվել։
Անդրադառնալով վարորդների այն պնդումներին, թե Սամվել Նազարյանն իր «մարդն» է, Հարությունյանը նշեց, որ ինքը ազգակցական կամ այլ կապ չունի Նազարյանի հետ։
«Մեր հարաբերությունները սկսվում և ավարտվում են աշխատանքային տիրույթում, և եթե կան նման փաստեր, խնդրում եմ` թող ներկայացնեն»,–ասաց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ արդեն հանդիպել է գործադուլ անող աշխատակիցների հետ, լսել նրանց պահանջը և հստակ հայտարարում է, որ գլխավոր ինժեները չի վերականգնվելու իր պաշտոնում։
«Այն աշխատակիցները, որոնք կհրաժարվեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, կհեռացվեն աշխատանքից։ Կրկնում եմ` մեր խնդիրը վարորդների հետ չէ, այլ մի քանի անձանց, որոնք փոխկապակցված են գլխավոր ինժեների հետ»,–շեշտեց նա։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը վարորդների գործադուլը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների: