ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նախատեսվում էր նախագահի այցը ՀՀ, դա մեզ համար շատ կարևոր էր»․ պաշտոնյաները՝ ՀՀ–ում Իրանի դեսպանությունում են
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են ՀՀ–ում Իրանի դեսպանություն՝ հարգանքի տուրք մատուցելու Իրանի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռում գտնվող ուղեկցող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ:
Երեկ Իրանի դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը մայիսի 22-ին եւ 23-ին կբացվի Սգո մատյան, որտեղ հնարավոր կլինի գրառում կատարել:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս ՀՀ-ում Իրանի դեսպանատանը հարգանքի տուրք մատուցեց ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և նրանց ուղեկցող այլ պաշտոնյաների հիշատակին։
ԱԺ նախագահը գրառում արեց դեսպանատանը բացված սգո մատյանում։
Լրագրողների հետ զրույցում նա ցավակցություն հայտնեց Իրանի բարեկամ ժողովրդին՝ տեղի ունեցածի կապակցությամբ։
«Շատ ցավալի իրադարձություն է, ես պատիվ եմ ունեցել հանդիպում ունենալ թե՛ նախագահի, թե՛ արտաքին գործերի նախարարի հետ։ Նրանք և՛ մեր երկրի համար, և՛ տարածաշրջանի համար շատ ակտիվ աշխատանք և ջանքեր էին դնում։ Շատ ցավալի է, ցավակցում եմ բարեկամ երկրի ժողովրդին՝ այս շատ անսպասելի և անհասկանալի իրադարձության հետ կապված։ Արդեն երևի գիտեք, որ հաջորդիվ նախատեսվում էր նախագահի այցը Հայաստան, դա մեզ համար շատ կարևոր էր, ու հիմա մենք նույնպես շատ ցավում ենք՝ այս ողբերգության հետ կապված»,- ասաց նա։