Ալիևը խոսել է ողբերգական վթարից առաջ Իրանի նախագահի հետ վերջին հանդիպման մասին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ վերջին հանդիպումս պատմական էր. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ Ռաիսին ականավոր պետական գործիչ էր:


«Նրա հետ իմ բազմաթիվ հանդիպումները միշտ մեծ տպավորություն են թողել ինձ վրա: Իսկ իմ վերջին հանդիպումը նրա հետ պատմական էր: Ե՛վ նա, և՛ ես այս հանդիպումը որակեցինք պատմական։ Պետական սահմանին խոշոր ենթակառուցվածքային նախագծի բացմանը մեր համատեղ մասնակցությունը վկայում էր իրանա-ադրբեջանական հարաբերությունների ամրության մասին, դա միանգամայն բաց ուղերձ էր թե՛ մեր ժողովուրդներին, թե՛ ողջ աշխարհին, որ մենք ընկերներ ենք, եղբայրներ ենք և շարունակելու ենք միասին լինել: Հանգուցյալ նախագահ Ռաիսիի պաշտոնական հայտարարությունը և իմ պաշտոնական հայտարարությունը բացման արարողությունից հետո ունեին շատ լուրջ քաղաքական նշանակություն», - ասել է Ալիևը։


Ալիևի խոսքով՝ ողբերգության օրը ինքն ու Ռաիսին միասին են անցկացրել ավելի քան երկու ժամ:


«Մեկ ժամից ավելի տևած երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ կարևոր հարցեր։ Եվս մեկ անգամ հաստատվեցին Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ապագա ուղղությունները և կրկին դրսևորվեց երկու կողմերի քաղաքական ամուր կամքը։ Միաժամանակ մենք մտքերի լայն փոխանակություն ունեցանք կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ, և ընդունվեցին կարևոր որոշումներ։ Վստահ եմ, որ մարդիկ, ովքեր մասնակցել են այդ հանդիպմանը, դա կհասցնեն Իրանի նոր ղեկավարության ուշադրությունը։ Վստահ եմ, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն, քանի որ դա հիմնված է իրանցի և ադրբեջանցի ժողովուրդների կամքի վրա, և հանգուցյալ նախագահ Ռաիսիի հետ զրույցի ընթացքում մենք արտահայտեցինք մեր հաստատակամ կամքը, որ ապագայում կլինեն շատ մեծ նախագծեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Ցավոք, նրան բախտ չի վիճակվի տեսնելու ապագա ծրագրերի իրականացումը։ Բոլորը պետք է հաշտվեն ճակատագրի հետ։ Սակայն, նորից եմ ասում, ինձ մխիթարում է այն փաստը, որ նա իր կյանքը զոհեց հանուն Իրանի զարգացման: Մեր, Իրանի ժողովրդի, ադրբեջանցի ժողովրդի հիշողության մեջ նա կմնա որպես վառ անհատականություն, ականավոր պետական գործիչ, ադրբեջանական պետության և ժողովրդի մեծ բարեկամ»,- ասել է Ալիևը։


Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։ Վթարից մի քանի ժամ առաջ Ռաիսին իրանա-ադրբեջանական սահմանին հանդիպել էր Ալիևի հետ:

Քաղաքականություն