Ադրբեջանական, թուրքական թեզերը շարժման մասին նույնն են ինչ ՀՀ իշխանություններինը․ Բագրատ Սրբազան

Եթե իրավիճակը իրենց համար հանգիստ է, խորհրդարանի աշխատանքն ինչի՞ են նվիրում դրան: Այս մասին արցախցիների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին, թե իրենք մտահոգվելու պատճառ չունեն շարժման համար։


«Այդ ամբիոն կոչվածը ինչո՞ւ են նվիրում որևէ մեկի մասին խոսելուն ամբողջ իրենց բանակով»,- հարցրեց նա։


Հարցին՝ գործի են դրել իրենց ծանր հրետանի՞ն, նա արձագանքեց․ «Այ ձյուն գա իրենց ծանր հրետանիների գլխին, ծանր հրետանի են թող խոսեն Ադրբեջանի սպառանալիքների մասին։ Իմիջիայլոց, ամոթ է իրենց, բառիս բուն իմաստով։ Ադրբեջանական և թուրքական իշխանությունների թեզերը մեկին մեկ իրենց թեզերն են այս Շարժման մասով, մի բառ չեմ չափազանցնում, այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները։ Սրա մասին թող այս մարդիկ մտածեն: Կտեսնեք այս երկու օրը հաղորդում է լինելու մասնագետների կողմից, կներկայացվի։ Դա տարածեք, գնում-գալիս եք այդ մարդկանց բարբաջանքները փոխադրում եք մեր դաշտ»,- ասաց նա։


Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ամենայն պատասխանատվությամբ ասում է՝ ադրբեջանական և թուրքական իշխանությունների թեզերը, գաղափարները շարժման մասին նույնն են ինչ ՀՀ իշխանություններինը։


«Նրանք այս գործող կառավարության մեջ գաղափարներ են առաջադրել Արցախի, Հայաստանի հետ կապված, որոնք իրենք չեն իրականացրել։ Ավելին, նախընտրական շրջանում հենց Ոսկեպարի, Կիրանցի հետ կապված, օրինակ, ձեռք կտրելու մասին է մարդը խոսել, չեն արել ոչ մի բան, նշանակում է՝ իրենք իշխանություն չեն եղել, իրենք ուղղակի տեղ են զբաղեցնում, սրանց թող պատասխանեն։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ են ասում, խոսք է ասում են, շաղակրատում են, խնդիր չկա»,- հայտարարեց նա։

Քաղաքականություն