ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում․ ՆԳՆ-ն արցախյան համարանիշով մեքենան կանգնեցնելու մասին
Սայիդա Պողոսյան օգտատերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել, որտեղ պատմում է, թե պարեկները կանգնեցրել են իր ընկերոջ մեքենան, ով ձայնային ազդանշան էր տվել։
«Բայց հետո պարզվեց որ խնդիրը ազդանշանը չէր այլ մեքենայի Արցախյան համարներ ունենալը։ Րոպեների ընթացքում 4 հաշվարկ ոստիկանական մեքենա է մոտենում ընկերոջս, 8 պարեկներից և ոչ մեկը զինված չէր տեսաձայնային նկարահանող սարքով, և հենց դա ազատություն տվեց նրանց ձեռնարկել սադրիչ քայլեր և զրուցել փողոցային բառապաշարով ու գործին չառնչվող հարցերով»,- գրել է նա։
Ապա պարեկները նշել են, թե մեքենան պետք է տուգանային հրապարակ տանեն այն հիմքով, որ այն հետախուզման մեջ է։ Սայիդա Պողոսյանը գրառման մեկնաբանություններում հրապարակել է տեսանյութեր, որտեղ լսվում է , որ պարեկները արցախցուն ասում են․
«Էս միտինգի ե՞ս մասնակցում, Արցախյան պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս մասնակցում»։
Ըստ Պողոսյանի՝ պարեկները թշնամանք են սերմանում։
Դեպքի առթիվ Tert.am-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․
«Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Սայիդա Պողոսյան» օգտատիրոջ կողմից հրապարակված նյութի վերաբերյալ պարզաբանում ենք, որ նշված տրանսպորտային միջոցը կանգնեցվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 19-րդ մասով նախատեսված իրավախախտման համար, որից հետո պարզվել է, որ այդ տրանսպորտային միջոցի համարանիշերն առկա են հետախուզվող տրանսպորտային միջոցների համարանիշերի ցանկում:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի հիմքով նույն օրենքի 18.1-ին հոդվածով սահմանված կարգով տրանսպորտային միջոցը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նշված տրանսպորտային միջոցն իրականում հետախուզման մեջ չի գտնվում, որից հետո այն բաց է թողնվել պահպանվող հատուկ տարածքից»։
Հարցին՝ հրապարակված տեսանյութում պարզ լսվում է, որ պարեկը քաղաքացուն ասում է․
«Միտինգի ե՞ս մասնակցում, Արցախյան պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս մասնակցում։ Նման բան ասելու իրավունք ունի՞ պարեկը, արդյոք պատասխանատվության ենթարկվե՞լ են, Գաբրիելյանը նշեց, որ հավելյալ տեղեկություն ստանալու համար հարցում պետք է ուղարկել։