Արևմուտքը պատրաստ է ճանաչել պաղեստինյան պետությունը. ԵՄ-ն հաստատել է

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Իսպանիան, Իռլանդիան և Եվրամիության անդամ մյուս երկրները ծրագրում են մայիսի 21-ին ճանաչել պաղեստինյան պետությունը, նրա խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մարտին հայտարարել էր, որ Իսպանիան և Իռլանդիան, ինչպես նաև Սլովենիան և Մալթան համաձայնել են առաջին քայլերն անել պաղեստինյան պետության ճանաչման ուղղությամբ՝ համարելով, որ երկու պետությունների մասին որոշումը կարևոր նշանակություն ունի տևական խաղաղության համար:



Իսպանական RNE ռադիոկայանի եթերում պատասխանելով այն հարցին, թե արդյոք մայիսի 21-ին Իսպանիան, Իռլանդիան եւ ԵՄ մյուս երկրները կճանաչեն Պաղեստինյան պետությունը, Բորելը դրական պատասխան է տվել՝ հիշատակելով նաեւ Սլովենիան: «Դա քաղաքական բնույթի խորհրդանշական գործողություն է։ Դա ավելին է, քան պետության ճանաչումը, դա այդ պետության գոյության կամքի ճանաչումն է», – ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ այդ երկրներին հավանաբար կհետևեն Բելգիան և մյուսները։



Ավելի վաղ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել էր, որ ճանաչման մասին որոշումն արդեն կայացվել է, թեև ամսաթիվը չէր նշել: Իսրայելը հայտարարել է, որ Պաղեստինի ճանաչման ծրագրերը «պարգեւատրում են ահաբեկչության համար», որը կնվազեցնի Գազայի հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու հնարավորությունները:


Քաղաքականություն