Ես լայնամասշտաբ պատերազմի հավանականություն չեմ տեսնում․ Տիրան Խաչատրյան

Դրականի սպասումով եմ մասնակցում շարժմանը, որ վերջապես իրավիճակը ճիշտ գնահատելուց հետո ժողովուրդը, ինչքան էլ հիասթափված լինի, դուրս գա, որպեսզի խաբված վիճակը կարողանա գոնե հաղթահարել, վստահի իր ապագան այն մարդկանց, որոնց հետ հեշտ ու անվտանգ կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է գեներալ Տիրան Խաչատրյանը, որը նույնպես մասնակցում է Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքին։


Անդրադառնալով Տավուշի առաջնագծի փոփոխմանն ու դրա հետևանքներին, Խաչատրյանն ասաց․ «Ամրաշինական կառույց կամ հագեցված նախապատրաստված պաշտպանությունը ճեղքելու համար ռազմական օպերացիա է մշակվում, լուրջ ուժեր են կենտրոնացվում և լուրջ ծախսերի ու ժամանակի հետ կապված խնդիրներ պետք է լուծի։ Դրա արդյունավետությունը նույնիսկ շատ լավ պլանավորելու դեպքում ինչպիսին կլինի, խիստ կասկածելի է։ Առանց այդ ամենի մեր պաշտպանությունն ուղղակի քանդում են։ Այսինքն՝ այն ճեղքվածքը, որն առաջանում է, շատ տարիներ է պահանջելու, որ դա փակվի»,- նշել է Տիրան Խաչատրյանը։


Նա ընդգծել է, որ այդպիսով ոչ թե գյուղերն են խոցելի դառնում, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության լինելիությունն է դրվում․ «Դրանից հետո մենք պաշտպանական, ամրաշինական, նախապատրաստվածության առումով ոչինչ չունենք․ այսինքն՝ դա դառնում է մի գոտի, որտեղից հակառակորդն իր ուժերն ու միջոցները անարգել կարող է տեղաշարժել ներս ու ծավալել»։


Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, որ իրենք առաջնագիծը կահավորում են, Տիրան Խաչատրյանն ասել է․ «Այն տեղերում, որտեղ որ նոր բնագծեր են զբաղեցրել և դրա հետ կապված աշխատանքներ են իրականացնում, տարվում են աշխատանքներ, բայց այն, ինչ պետք է արվի, դրա մասին եկեք չխոսենք»։


Հարցին՝ ինքն արդյո՞ք պատերազմի հավանականություն տեսնում է, Տիրան Խաչատրյանը ասել է․ «Ես լայնամասշտաբ պատերազմի հավանականություն չեմ տեսնում, որովհետև անկախ ամեն ինչից պատերազմ սկսելու համար պետք է լինի ինչ-որ հիմնավորում, ի վերջո պատերազմը քաղաքականության շարունակությունն է ռազմական ճանպաարհով․ ի՞նչ քաղաքականություն է տարվում, որ դրա լուծումը չկա և դա անպայման պետք է պատերազմով լուծվի։ Կարող են լինել լոկալ բախումներ, ինչ-որ սադրանքներ լինել, բայց լայնամասշտաբ պատերազմ չի կարող լինել։ Այսօր կարող է այս իշխանությունների և հակառակորդի համաձայնությամբ ինչ-որ խնդիրներ առաջացնեն»։

Քաղաքականություն

Պատահարներ