ԱՄՆ–ն կարող է Ուկրաինային 6 միլիարդ դոլարի օգնության փաթեթ հաստատել, որը տեղ կհասնի ոչ շուտ. Politico
ԱՄՆ-ն ավարտում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթի պատրաստությունը՝ միանգամից վեց միլիարդ դոլար արժողությամբ և կարող է այդ մասին հայտարարել արդեն ուրբաթ՝ ապրիլի 26-ին։ Այս մասին հինգշաբթի երեկոյան հաղորդել է Politico-ն՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարական գերատեսչությունների աղբյուրները։
Politico-ն նշում է, որ այս փաթեթը ներկայացնում է պայմանագրեր ամերիկյան ընկերությունների հետ՝ Ուկրաինայի համար նոր զենք և զինամթերք արտադրելու համար, և, հետևաբար, այդ առաքումները, հավանաբար, երկար ժամանակ կպահանջեն: Հրապարակումը ենթադրում է, որ խոսքը մի քանի տարիների մասին է:
Politico-ի բանիմաց զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը պատվիրում է Patriot հրթիռներ Ուկրաինայի համար, հրթիռներ, անօդաչու սարքեր, հակաօդային սարքեր, ինչպես նաև «օդ-օդ» հրթիռներ ուկրաինական ինքնաթիռների համար։
Այդ պատվերների համար վեց միլիարդը կվերցվի Ուկրաինայի համար նոր հաստատված հատկացումներից՝ 61 միլիարդ դոլարի չափով։ Այս հատկացումների հաստատումից անմիջապես հետո Միացյալ Նահանգները հայտարարեց անհապաղ մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնություն ուղարկելու մասին։