ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակիչները Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակել են. Երևան-Թբիլիսի երթուղին փոխվել է

Հայաստանից Վրաստան ուղևորափոխադրումներով զբաղվող խոշոր ընկերություններից մեկը ժամանակավորապես փոխել է Երևան-Թբիլիսի երթուղին՝ Տավուշի մարզում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ընկերությունից։ Ապրիլի 19-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սկսել են բողոքի ակցիա իրականացնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Ապրիլի 20-ին ճանապարհը բացելուց հետո գյուղացիները հավաքվել էին համայնքապետարանում, և առաջարկություններ էին մշակում Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ։ Նրանք նշում էին, որ ներկայացված տարբերակով գյուղի հետագա գոյությունն անհնար է դառնում։


Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումը նախատեսված է մարտի 22-ին` ժամը 18։00–ին։ Ներկա պետք է լինեն Կիրանց, Բաղանիս, Բերքաբեր և Ոսկեպար գյուղերի վարչական ղեկավարները և սահմանային իրավիճակից տեղյակ գյուղացիները։

Ընկերությունում նշել են, որ հիմնական երթուղու դեպքում ավտոմեքենաներն անցնում են Աբովյան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածով և դուրս գալիս Վրաստանի հետ սահման՝ Բագրատաշեն գյուղի մոտ:



Սակայն սահմանազատման և Տավուշի մարզում ստեղծված իրավիճակի պատճառով ընկերությունը փոխել է երթուղին։ Ներկայումս ուղևորափոխադրումներն իրականացվում են երկու ուղղություններով:

Դրանցից մեկով երթուղին սկսվում է Երևանից, այնուհետև կրկին անցնում են Աբովյան-Սևան-Դիլիջան ճանապարհով, ապա վարորդները շարունակում են ճանապարհը դեպի Վանաձոր և Ալավերդիով դուրս գալիս Վրաստանի հետ սահման: Այս ճանապարհը 30 կմ-ով ավելի երկար է Նոյեմբերյանով անցնող ճանապարհից։ Երկրորդ երթուղով Երևանից Թբիլիսի հասնելու համար ավտոմեքենաներն անցնում են Ապարան - Սպիտակ - Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահմանով:

Ընկերությունում չբացառեցին, որ սահմանազատումից հետո, հնարավոր է, ընդհանրապես հրաժարվեն Իջևանով և Նոյեմբերյանով անցնող ճանապարհից:



Հիշեցնենք, որ Տավուշցիներն առավոտից կրկին փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ոսկեպարում բնակվող քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ բնակիչները որոշեցին չսպասել երկուշաբթի օրը կայանալիք փոխվարչապետի հետ հանդիպմանը, քանի որ գյուղ մարդիկ են եկել՝ սահմանազատման աշխատանքներին առնչվող գործողություններ են իրականացնում։

Կիրանցի բնակիչներից մեկը զրույցում հայտնել է, որ բնակիչների մի մասն արդեն դուրս էր եկել ճանապարհ, բայց չէին փակում։ Այն բանից հետո, երբ գյուղ սահմանապահներ մտան ու սկսեցին ինչ-որ չափուձև անել այն հատվածներում, որտեղով, ըստ նոր հրապարակված քարտեզների, անցնելու է սահմանը, բնակիչները որոշեցին ճանապարհ փակել։

Ֆեյսբուքյան եթերի ժամանակ Սուրեն Պետրոսյանը հայտնեց, որ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ է, որտեղ զինված ուժերը փորձում էին ականազերծման աշխատանքներ իրականացնել եկեղեցու հարակից տարածքներում։ Սակայն գյուղի բնակիչները խոչընդոտել են և թույլ չեն տվել աշխատանքները շարունակել։

Տեղի բնակիչները հայտնեցին, որ ականազերծման աշխատանքներ են փորձել իրականացնել նաև Բաղանիս գյուղի հատվածում, սակայն բնակիչները կրկին խոչընդոտել են։

Ապրիլի 19-ից Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սկսել են բողոքի ակցիա իրականացնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։


Քաղաքականություն

Պատահարներ