
Ազգային ստանդարտները պետք է լինեն մրցունակ. կստեղծվի Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին

«Կիբեռանվտանգության մասին» օրենքով մենք սահմանում ենք կենսական նշանակություն ունեցող ոլորտները և կրիտիկական ենթակառուցվածքները թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում: Սահմանվում են չափանիշներ՝ ռիսկերի և ազդեցության գնահատմամբ, սահմանվում են ԻՍՕ 27,001 ստանդարտը և այլ ստանդարտներ, որոնցով պետք է ապահովվեն թե՛ հանրային հատվածի, թե՛ պետական ապարատի, թե՛ մասնավոր հատվածի քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող ընկերությունների համար: Այս մասին Կառավարության՝այսօրվա նիստին ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Իհարկե, սա չի բացառում, որ մենք ապագայում հրաժարվելու ենք մեր ազգային ստանդարտները մշակելու և ներդնելու գաղափարից, պարզապես պետք է հոգ տանենք, որ այդ ազգային ստանդարտները լինեն մրցունակ միջազգային ստանդարտների համեմատությամբ, ինչպես նաև համահունչ լինեն մեր ներքին խնդիրներին»,- ասել է նա:
Ըստ նախարարի՝ նոր մարմինը, որը կոչվում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, ունենալու է հանձնաժողով, որի անդամներն ընտրվելու են ԱԺ-ի կողմից:
Այս մարմինն իրականացնելու է նաև կանխարգելիչ միջոցառումներ՝ տարեկան կիբեռզորավարժություններ: Գործունեությունը լինելու է թափանցիկ, հանձնաժողովը Հայաստանում կիբեռհիգիենայի վերաբերյալ տարեկան զեկույցներով է հանդես գալու ԱԺ-ում: