
Խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով՝ 15 տարի ժամկետով

Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին որոշման նախագծի հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ սույն որոշումը միտված է ոլորտի վերահսկողության արդյունավետությունն էականորեն բարձրացնելուն։
«Այն սահմանում է մրցույթի անցկացման մանրամասներ, մասնավորապես դրա կարգը, մասնակցության չափանիշները, մրցույթի փուլերը, հայտատուներին ներկայացվող պահանջները, հաղթող հայտատուի որոշման կարգը և մի շարք այլ հարցեր»,- նշեց Հակոբյանը։ Նրա խոսքով՝ օպերատորն ընտրվելու է միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից՝ բաց մրցույթով, իսկ միջգերատեսչական հանձնաժողովի կազմն արդեն իսկ ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված է։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի բնորոշմամբ՝ մրցույթի արդյունքում ընտրված օպերատորն իրականացնելու է մոնիթորինգ և ստեղծելու է համապատասխան մոնիթորինգային կենտրոն՝ դրան միացնելով խաղային ոլորտի կազմակերպություններին, ինչպես նաև իրականացնելու է խաղային արտադրանքների սերտիֆիկատների իսկության հավաստում։
«Սրա միջոցով մենք նաև բարձրացնում ենք հարկվող օբյեկտների հայտարարագրման արժանահավատությունը և ակնկալում ենք հարկային եկամուտների ավելացում։ Այս բարեփոխմամբ՝ համակարգը թույլ կտա վերահսկել նաև խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների տեխնիկական վիճակը՝ բացառելով հնարավոր խարդախությունները, ապահովելով խաղացողների իրավունքների շահերը և իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև հասարակության հատկապես խոցելի խմբերին զերծ պահելով խաղամոլությունից»,-նշեց ՊԵԿ նախագահը։
Նա նաև նշեց, որ մրցույթին մասնակցելու համար սահմանվում են ժամկետներ՝ 40 օր և 60 օր։