Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնել Իսրայելին

Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնել Իսրայելին: Այդ մասին հայտնել է Israelinfo թերթը:


Թերթի տեղեկություններով՝ հարձակումը կհետևի որպես պատասխան Սիրիայում իրանական հյուպատոսարանի ուղղությամբ իսրայելական զինվորականների ավիահարվածին։ ԱՄՆ գործող և նախկին պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ստեղծված իրավիճակը կարող է էսկալացիայի նոր փուլ դառնալ։


Մերձավոր Արևելքում ծառայած ԿՀՎ նախկին բարձրաստիճան աշխատակից Ռալֆ Գոֆը «աներևակայելի անխոհեմ» է անվանել Իսրայելի հարվածը Իրանի հյուպատոսությանը: Նրա կարծիքով՝ իրանական հնարավոր գրոհները հարվածի տակ կդնեն այդ թվում տարածաշրջանում ամերիկյան զորքերի կոնտինգենտը։


Ինչպես նշում է Voxnews պարբերականը, սպասվում է, որ Թեհրանը հարյուրավոր անօդաչու սարքեր և հրթիռներ կկիրառի: Հաղորդվում է նաև, որ Իսրայելի զորքերը բերվել են մարտական պատրաստության, տարածաշրջանում GPS ազդանշանի հետ կապված խնդիրներ են նկատվում:


Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել էր համարժեք և հստակ արձագանքել Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածին: Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ը պատասխանատվություն է կրում խաղաղության և անվտանգության պահպանման համար:


Իսրայելն ապրիլի 1-ին հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող շենքին: Իրանական Tasnim պարբերականի աղբյուրի տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել վեց մարդ։

Քաղաքականություն